Մատչելիության հղումներ

Ազատազրկված ադրբեջանցի բլոգերների հարազատները դիմել են Օբամային


«Ազատազրկված ադրբեջանցի բլոգերները չափազանց բարձր գին են վճարում իրենց քաղաքացիական ակտիվության եւ ժողովրդավարական հայացքների համար», - նշում են բանտում գտնվող ադրբեջանցի բլոգերների` Ադնան Հաջիզադեի եւ Էմին Միլիի հարազատները Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային հասցեագրած նամակում:

Ադնան Հաջիզադեի հայրը` Մոսկվայում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեն եւ Էմին Միլիի կինը` Լեյլա Քերիմլին Օբամա - Ալիեւ հանդիպման (որը կայանալու է ուրբաթ օրը Նյու Յորքում) նախօրեին գրում են ԱՄՆ-ի նախագահին. - «Պարոն Օբամա, մենք խնդրում ենք ձեզ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում անդրադառնալ այս խնդրին` կոչ անելով նրան ազատ արձակել Ադնանին եւ Էմինին: Ձեր ձայնը կարող է հզոր աջակցություն դառնալ ի պաշտպանություն խոսքի ազատության` ի վերջո վճռորոշ դեր խաղալով»:

«Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը, միջազգային հանրությունը դատապարտել են բլոգերների ձերբակալությունը, բազմիցս կոչ են արել ազատ արձակել նրանց: Այդուհանդերձ, Ադրբեջանի իշխանությունները խայտառակ դատավարություն անցկացրեցին` ոտնահարելով թե' ադրբեջանական օրենքները եւ թե' այն պարտավորությունները, որ ստանձնել է Բաքուն միջազգային կազմակերպությունների առջեւ», - նշում են բլոգերների հարազատները:

Ընդհանուր առմամբ, Իլհամ Ալիեւի եւ Բարաք Օբամայի բանակցությունների շեմին Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունների ներկա վիճակի մասին տարբեր գնահատականներ են հնչում: Միացյալ Նահանգներում գործող ադրբեջանական կառույցներից մեկի` «Ամերիկայի ադրբեջանցիները հանուն ժողովրդավարության» կազմակերպության ղեկավար Էլմար Շախտատինսկին հատուկ «Ազատություն» ռադիոկայանի համար պատրաստած մեկնաբանությունում նշել է. - «Ադրբեջանական կառավարությունն ու դրա պաշտպաններն արտերկրում սիրում են կրկնել, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների «անփոխարինելի ռազմավարական գործընկերն է: Երկրի աշխարհագրական դիրքն ու էներգետիկ հարստությունները իրական նախադրյալներ են ստեղծում նման դաշինքի ստեղծման համար: Չնայած դրան` նավթային բռնապետություն հադիսացող Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ այսօր ծավալվող համագործակցության մեջ որեւէ ռազմավարական տարր գոյություն չունի»:

«Ադրբեջանում այսօր գործող կառավարման համակարգը եւ եվրատլանտյան կառույցներին երկրի ինտերգրման գաղափարները պարզապես անհամատեղելի են: Ադրբեջանը մի երկիր է, որտեղ ավազակախմբերը ոստիկանության հետ մեկտեղ ցրում են ընդդիմության ցույցերը, քաղաքացիական հագուստով ամրակազմ անձինք ծեծում են լրագրողներին, որից հետո հենց լրագրողներն են հայտնվում ճաղերի հետեւում: Ադբեջանցի լրագրողներին նաեւ սպանում են եւ բանտ են նետում` ոտնահարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռները: Արգելվում է նաեւ արեւմտյան ռադիոկայանների հեռարձակումը երկրում», - գրում է Շախտատինսկին:

Ամերիկայում գործող ադրբեջանական կազմակերպության ղեկավարի պնդմամբ, Ալիեւի վարչակազմ համար Միացյալ Նահանգների եւ մյուս առաջատար ժողովրդավարական պետությունների հետ հարաբերությունները «մարտավարական, ժամանակավոր բնույթ ունեն, որոնց նպատակը սեփական շահերի պաշտպանությունն է»:

Շախտատինկսին կոչ է անում արեւմտյան պետությունների ղեկավարներին. - «Ադրբեջանական իշխող ընտանիքին հաճոյանալուն ուղղված անհեռատես եւ անիմաստ քայլերի փոխարեն Արեւմուտքի քաղաքականությունը պետք է ուղղված լինի այն ուժերին աջակցելուն, որոնք պայքարում են Ադրբեջանում ժողովրդավարության եւ քաղաքացիական ազատությունների հաստատման համար»:

Վաշինգտոնում գործող Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ինստիտուտի վերլուծաբան Սվանտե Կոռնելի կարծիքով, վաղվա նյույորքյան հանդիպման ժամանակ հարցերի բավական լայն շրջանակ կքննարկվի` էներգետիկայից մինչեւ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը:

«Այս հանդիպումը վերջին ամիսներին ծավալված իրադարձությունների օրինաչափ արդյունքն է: Միացյալ Նահանգները փորձում են վերացնել այն բացասական հետեւանքները, որ ծագեցին Վաշինգտոնում կայացած միջուկային վեհաժողովից հետո: Հիշեցնեմ, որ Արդբեջանն այդ վեհաժողովին հրավիրված չէր», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրուցյում նշում է Կոռնելը` ամփոփելով. - «Ամեն դեպքում Օբամայի վարչակազմին անհրաժեշտ է համագործակցել Ադրբեջանի հետ` դեպի Աֆղանստան ռազմական բեռների տարանցիկ փոխադրումներն անխափան կերպով կազմակերպելու համար: Դա նշանակում է, որ Միացյալ Նահանգների տարածաշրջանային քաղաքանության հիմքում ոչ թե տեղական հիմնախնդիրներն են, այլ արտաքին գործոնները, այն է` Աֆղանստանում տիրող իրավիճակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG