Մատչելիության հղումներ

Կոսովոն Հայաստանին խնդրել է ճանաչել իր անկախությունը


Հայաստանի եւ Կոսովոյի արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում
Հայաստանի եւ Կոսովոյի արտգործնախարարների հանդիպումը Նյու Յորքում

Հայաստանի եւ Կոսովոյի արտգործնախարարները` Էդվարդ Նալբանդյանը եւ Սքենդեր Հուսեյնին, հանդիպել են Նյու Յորքում:

«Ազատություն» ռադիոկայանի Կոսովոյի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում նախարար Հուսեյնին մեկ անգամ եւս խնդրել է Հայաստանին ճանաչել Կոսովոյի անկախությունը: Հանդիպման ընթացքում Կոսովոյի արտգործնախարարը կենտրոնացել է Կոսովոյի համար շատ կարեւոր երկու խնդրի վրա։

Նա մատնանշել է, որ Արդարադատության միջազգային դատարանը հստակորեն արտահայտվել է Կոսովոյի անկախության հռչակման օգտին, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատարանի այդ որոշումը ողջունող բանաձեւ է ընդունել:

Կոսովոյի արտգործնախարարը հավելել է, որ այս «զարգացումները վերջապես հնարավորություն են ստեղծել, որ ոչ մի պետություն որեւէ պատճառ չունենա հետաձգելու համար նոր երկրի պաշտոնական ճանաչումը»։

Իր հերթին` Հայաստանի արտաքին գործերի նախարարն ասել է, թե «Հայաստանը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական որոշումը, եւ Հայաստանը Կոսովոյի հետ կշարունակի ապագա շփումներն ու հանդիպումները»։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ երեկ Նյու Յորքում Հայաստանի ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը Կոսովոյի արտգործնախարարին ընդունել է վերջինիս խնդրանքով։

Էդվարդ Նալբանդյանն ասել, որ թեեւ Հայաստանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար։ Նալբանդյանի խոսքերով` «2010 թվականի հուլիսին Կոսովոյի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքի հրապարակումով վերահաստատվեց այն իրողությունը, որ միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, չի կարող ստորադասվել որեւէ այլ սկզբունքի»:

Հուլիսին ՄԱԿ-ի Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարան որոշել էր, որ Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային նորմերին։

Կոսովոյի առաջիկա ամենահիմնական խնդիրը ՄԱԿ-ի անդամ դառնալն է։ Դրա համար անհրաժեշտ է, որ ՄԱԿ-ի անդամ 192 երկրներից երկու երրորդից ավելին ճանաչի Կոսովոյի անկախությունը, այդ փաստը դա ընդունվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG