Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Վաշինգտոնում ասել է, որ Ռուսաստանը մտադիր չէ նոր ռազմակայաններ ստեղծել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում։
«Հավաստիացնում եմ ձեզ` ետ մղելու համար Վրաստանի հավանական գրոհը` այնպիսին, ինչպիսին եղավ 2008-ին, կպահանջվի ոչ թե 5 օր, այլ շատ ավելի կարճ ժամանակ», - հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։
«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Սերդյուկովը Վաշինգտոնում ասել է, որ ռուսական կողմը մշտապես հսկում է իրավիճակը եւ վերլուծում է բոլոր հնարավոր զարգացումները։
«Այն ուժերը, որոնք տեղակայված են Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, բավարար են իրավիճակի ցանկացած զարգացմանն արձագանքելու համար», - ասել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։ Նա նաեւ դժգոհություն է հայտնել արտերկրից զինատեսակներ եւ ռազմամթերք Վրաստան ուղարկելու առիթով։
«Այդ մատակարարումները մեզ անհանգստացնում են եւ խոչընդոտում են մեր համագործակցությունը նույն իսրայելցիների, ամերիկացիների եւ վրացիներին զինող մնացած կողմերի հետ», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։
Անատոլի Սերդյուկովը առաջին անգամ է այցելել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն` Պենտագոն, որտեղ շուրջ 5 ժամ բանակցել է իր ամերիկացի պաշտոնակից Ռոբերտ Գեյթսի հետ։ Նախարարները ստորագրել են փոխըմբռնման հուշագիր եւ պաշտպանության բնագավառին վերաբերող համատեղ հայտարարություն:
Ռուսաստանը նորից սպառնում է Վրաստանին
