Մատչելիության հղումներ

«Ոստիկանությունը ընդամենը հասարակական կարգն է պահպանելու»


Հայաստանի ոստիկանական ծառայության պետ Ալիկ Սարգսյանը:
Հայաստանի ոստիկանական ծառայության պետ Ալիկ Սարգսյանը:

Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում հավաստիացրեց, որ Մատենադարանի մոտ երեկոյան ընդդիմության անցկացնելիք հանրահավաքի եւ երթի ընթացքում ոստիկանությունը ընդամենը հասարակական կարգն է պահպանելու:

«Ոստիկանությունը որեւիցե մեկին իր քաղաքացիական իրավունքները դրսեւորելիս չի խոչընդոտում», - ասաց ոստիկանապետը` շարունակելով. - «Օրենքից վեր որեւէ մեկը իրեն դասելու իրավունք չունի: Այսօր ժամը 19:00-ին արտոնված միտինգ է կայանալու Մատենադարանի շրջակայքում, որից հետո արտոնված երթ: Ոստիկանությունը ընդամենը հասարակական կարգն է պահպանելու եւ որեւիցե միջամտություն չի ցուցաբերելու»:

Ընդդիմությունը ցանկանում էր հանրահավաքն անցկացնել Ազատության հրապարակում, սակայն Երեւանի քաղաքապետարանը, ինչպես հայտնի է, արգելել էր ու փոխարենը առաջարկել Մատենադարանին հարող տարածքը: Ավելի վաղ` մայիսին եւ հունիսին, ոստիկանությունը թույլ չէր տալիս ընդդիմադիրների մուտքը Ազատության հրապարակ:

«Ազատություն» ռադիոկայանի այս դիտարկումներին Ալիկ Սարգսյանը արձագանքեց. - «Այս պահին կոնկրետ ցուցում, որ Ազատության հրապարակը արգելված է ընդդիմության համար կամ միտինգ կազմակերպել ցանկացողների համար, այդպիսի ցուցում ոստիկանությանը չկա: Նման ցուցում երբեք չի եղել: Տվյալ պահին եթե թույլ չենք տվել, դա ունեցել է իր օբյեկտիվ պատճառը»:


«Իմ խորին վերջնական համոզմամբ` դա ինքնասպանություն է»

Ալիկ Սարգսյանը կրկին հնչեցրեց իր համոզմունքը, որ Չարենցավանի ոստիկանության բաժնում մահացած Վահան Խալաֆյանը ինքնասպանություն է գործել:

Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանը մահացել է ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանության բաժնում, ուր բերման էր ենթարկվել գողության կասկածանքով: Ոստիկանները պնդում են, թե նա ինքնասպան է եղել, իսկ մահացածի հարազատները համոզված են, որ Վահանին խոշտանգելով սպանել են:

Բացի այդ, Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը, ով մեղադրվում է Վահան Խալաֆյանին ծեծի ենթարկելու մեջ (ինչը հանգեցրել է ինքնասպանության), օգոստոսի 27-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, կասկածի տակ առնելով Խալաֆյանի ինքնասպանության վարկածը, հայտարարել էր, թե, իրականում, ինքնասպանություն տեղի չի ունեցել:

«Թող ինձ ներեն Խալաֆյանի ծնողները, թող ներեն հանրության այդ բոլոր մարդիկ, ովքեր մինչեւ հիմա կասկածում են, որ [դա] կարող էր սպանություն լինել, բայց իմ երկարատեւ փորձը ոստիկանությունում... հասկացել եմ ինչ է կատարվում ոստիկանությունում, ինչ ասել է հանցագործության դեպք բացահայտել, ինչ ասել է բերման ենթարկված մարդ, ինչ ասել է արդեն մեղքը հաստատված մարդ, որն արդեն խոստովանել է… Այս ամեն ինչը գիտակցելով` ես հիմա էլ եմ հայտարարում. իմ խորին վերջնական համոզմամբ` դա ինքնասպանություն է: Միգուցե դրդել են նրան ինքնասպանության, միգուցե ճնշում եղել է: Ես դա արդեն չեմ հերքում»:

Հիմնավորելով իր պնդումը` ոստիկանապետը ասաց. - «Որովհետեւ ոստիկանության բաժիններում մարդ չեն սպանում: Չեն բերում 10 հոգով մարդուն ներկայացնում բաժին, որից հետո էլ սպանում են: Նպատակը կասե՞ք… Միգուցե մի անգամ մեկդ մեկնաբանի` պատճառը ո՞րն էր Խալաֆյանին սպանելու»:

Չարենցավանի ոստիկանության քրեական բաժանմունքի նախկին պետը նաեւ հայտարարել էր, թե Խալաֆյանի գործի նախաքննությունն իրականացնող մարմինը` Հատուկ քննչական ծառայությունը, փորձել է գործարքի մեջ մտնել իր հետ` առաջարկելով իր ղեկավարների դեմ ցուցմունքներ տալ, ինչից ինքը հրաժարվել է: Հատուկ քննչական ծառայությունը, հիշեցնենք, հերքել է այդ պնդումը:

Այս առնչությամբ Ալիկ Սարգսյանը ասաց. - «Թե ինչպիսի գործարքներ են առաջարկվել, ինչպիսի պայմաններ են առաջարկվել քննության ընթացքում Հատուկ քննչական ծառայության կողմից, ճիշտն ասած, ես դրանով չեմ էլ հետաքրքրվում: Ավելին ասեմ` չեմ էլ հավատում: Եվ շահագրգռվածության իմաստը չեմ հասկանում Հատուկ քննչական ծառայության` ոստիկանի վրա ինչ-որ մեղք բարդելու: Ուստի թերահավատորեն եմ մոտենում այդ հայտարարությանը»:

«Ինչ վերաբերում է ընդհանրապես Խալաֆյանի գործին, ես ուղիղ հայտարարում եմ` ե'ւ ես, որպես ոստիկանության պետ, ե'ւ իմ բոլոր գործընկերները այս գործին չենք միջամտում», - եզրափակեց Ալիկ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG