Մատչելիության հղումներ

Շաբաթ օրը Մյունխենում սկսվում է Օկտոբերֆեստը


Օկտոբերֆեստը աշխարհում գարեջրի ամենախոշոր տարեկան փառատոնն է, այն տեղի է ունենում Գերմանիայում` Բավարիայի երկրամասի կենտրոն Մյունխենում։

Երկու շաբաթ տեւող փառատոնի ընթացքում մարդիկ խմում են մոտավորապես 5 միլիոն 680 հազար լիտր գարեջուր։ Փառատոնին մասնակցում է ավելի քան 6 միլիոն մարդ։

Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 3-ը անցկացվելիք այս տարվա Օկտոբերֆեստը կարող է գերազանցել բոլոր ռեկորդները, քանի որ սա կլինի հոբելյանական` թվով 200-րդ փառատոնը։

Առաջին Օկտոբերֆեստը տեղի է ունեցել 1810 թվականի հոկտեմբերի 12-ին` Բավարիայի թագաժառանգ Լյուդվիգի եւ Սաքսոնիա-Հիլդբուրգհաուսենի իշխանուհի Թերեզայի հարսանիքի առիթով։ Այն ժամանակ նորապսակների անունից բոլոր մյունխենցիներին հրավիրել են գարեջուր խմելու։

Դրանից հետո տոնախմբությունն ընդարձակվել, մեծ ժողովրդականություն է ձեռք բերել եւ դարձել ավանդական միջոցառում, որի ընթացքում մարդիկ գարեջուր են ըմպում եւ վայելում են ժողովրդական ուտեստներ` տապակած կարտոֆիլով ու կաղամբով մատուցվող խոզի կամ հավի միս, սպիտակ նրբերշիկ եւ «բրետցել» կոչվող աղաբլիթներ։

Երկու հարյուրամյակի ընթացքում փառատոնի սցենարը հարստացել է` դրան սկսել են մասնակցել երաժիշտներ, դերասաններ, կազմակերպվել են ժողովրդական խաղեր, մրցույթներ, հատուկ այդ օրերին աշխատել են կարուսելներ եւ կրկեսներ։

Գարեջրի փառատոնի համար Մյունխենում տեղադրում են վրանաշեն հսկայական տաղավարներ։ Հիմնական ծեսն անցնում է Մյունխենի գլխավոր կայարանի եւ Սուրբ Պողոսի եկեղեցու մոտ գտնվող բաց տարածքում, որի անունն է Թերեզենվիզե` Թերեզայի մարգագետին։

Մյունխենի քաղաքագլուխը մուրճի հարվածով ծորակը խրում է գարեջրի տակառը եւ բացականչում` «O'zapft is!»` «Ծորակը տեղում է», ապա քաղաքագլուխն ըմպում է առաջին «մասը»` մեկ լիտրանոց գավաթով գարեջուրը։

Օկտոբերֆեստի համար գարեջուր են պատրաստում միայն Մյունխենի վեց գործարաններ, փառատոնի օրերին մատուցվում է «հելլես» կոչվող գարեջրի տեսակը, որը սովորական գարեջրից ավելի թունդ է եւ մուգ։

Ենթադրվում է, որ Մյունխենը այս փառատոնի օրերին կվաստակի շուրջ կես միլիարդ եվրո։ Անցած 200 տարում Օկտոբերֆեստը ընդամենը 24 անգամ է չեղյալ հայտարարվել` համաճարակների կամ պատերազմների պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG