Մատչելիության հղումներ

Իրանը ֆինանսավորելու է «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի կառուցումը


Արաքս գետի վրա տեղակայվելիք «Մեղրի» հիդրոէլեկտրակայանի կառուցման ֆինանսավորումը, Հայաստանի եւ Իրանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությամբ, իրականացնելու է իրանական կողմը:

Առաջիկայում Իրանի էներգետիկայի նախարարը կայցելի Հայաստան եւ երկու երկրները կստորագրեն ՀԷԿ-ի կառուցման մասին պայմանագիրը: Նախարարի այցի օրերը հստակեցվում են: Այս մասին հինգշաբթի օրը տեղի ունեցած կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

«Կկառուցեն, կշահագործեն եւ արտադրված էլեկտրաէներգիայով իրենց ներդրումները հետ կգնեն: «Մեղրի» ՀԷԿ-ի շինարարությունը կարժենա մոտ 323 միլիոն դոլար: Մեղրի ՀԷԿ-ի կառուցման համար անհրաժեշտ է 5 տարի ժամկետ, եւ 15 տարի ժամկետ է անհրաժեշտ, որպեսզի արտադրված էլեկտրաէներգիայով փակվեն ներդրումները», - նշեց նախարարը:

Շահագործումից 15 տարի հետո 130 մեգավատ հզորություն եւ տարեկան 800 միլիոն կիլովատտ / ժամ արտադրողականություն ունեցող «Մեղրի» հիդրոէլեկտրակայանը սեփականության իրավունքով կհանձնվի Հայաստանին:

Ծրագիրն իր մեջ ընդգրկում է երկու հիդրոէլեկտրակայանների կասկադի կառուցում` յուրաքանչյուրը 130 մեգավատ հզորությամբ, որոնցից մեկը` «Մեղրի» ՀԷԿ-ը, տեղակայված կլինի Արաքս գետի հայկական ափին, մյուսը` «Ղարաչիլար» ՀԷԿ-ը, իրանական: Կասկադի գլխամասային հանգույցը գտնվելու է Հայաստանում:

Արմեն Մովսիսյանի պարզաբանմամբ, հայկական կողմում կառուցված ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան շահագործման 15 տարիների ընթացքում ամբողջությամբ արտահանվելու է Իրան, սակայն պայմանագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանին անհրաժեշտության դեպքում գնել այդ էլեկտրաէներգիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG