Մատչելիության հղումներ

Ժամանակավորապես դադարեցվել էին «Արմավիա»-ի թռիչքները


Հինգշաբթի առավոտյան «Արմավիա» ընկերության թռիչքների դադարեցման պատճառը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը, ազգային ավիափոխադրողը կուտակած պարտքերն են «Զվարթնոց» օդանավակայանին:

«Դա մեր կողմից ինչ-որ տեղ պարտադրված, ստիպված քայլ էր: Մեծ պարտքեր էր կուտակել «Արմավիա»-ն: Այս պահին խնդիրը արդեն լուծման փուլում է, բոլոր չվերթները արդեն նորմալ սպասարկվում են: Կարծում ենք եւ հուսով ենք, որ առաջիկայում նմանատիպ խնդիրների առաջ չենք կանգնի», - հավելեց Աբրահամյանը:

Առավոտյան չէին սպասարկվել Երեւանից Մոսկվա, Սոչի եւ Թել Ավիվ մեկնող «Արմավիա»-ի ինքնաթիռները, իսկ չվերթները կասեցվել էին: Բանակցությունների արդյունքում չվերթները, այնուամենայնիվ, իրականացվել են, թեեւ` ավելի քան մեկ ժամ ուշացումով:

Ավելի ուշ Գեւորգ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ բանակցությունները ավարտվել են եւ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց:

«Արմավիա»-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարտքի գոյացման վերաբերյալ ասաց. - «Բոլոր համաշխարհային ավիաընկերությունների համար դա նորություն չէ: Փոքր ավիաընկերություն ենք, փոքր երկրում ենք գտնվում, եւ պարզ է, որ այդ պարտքը կարող էր լինել: Այդ պարտքը շատ շուտով կմարվի»:

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զարմանք արտահայտեց, որ «ամենաշահութաբեր ընկերությունը ընկնում է պարտքերի մեջ». - «Շրջափակման տարիներին մենք նույնիսկ վառելիքը օդանավով ենք ներկրում Հայաստան, եւ այդ պայմաններում մենք ապահովում էինք ե'ւ շահույթը, ե'ւ զարգացումը: Իսկ հիմա նորից սնանկացման եզրին է գտնվում «Արմավիա» ընկերությունը: Ինձ համար շատ զարմանալի է»:

Նանա Ավետիսովան, սակայն, ասաց, որ ընկերությունը, չնայած այն փաստին, որ որոշ չվերթներ վնասով են աշխատում, սնանկացման եզրին չի հայտնվել. - «Ամեն ինչը «Արմավիա»-ի մոտ նորմալ է: Այնքան բան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG