Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 16-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Վերջերս մի տեսակ մոդայիկ են դարձել այն խոսակցությունները, թե Հայ ազգային կոնգրեսի առաջիկա հանրահավաքից չարժե որեւէ անակնկալ սպասել: Հետաքրքիր է` ի՞նչ անակնկալների մասին է խոսքը, եթե վերջին 10-12 տարիների ընթացքում ո'չ Հայաստանի առջեւ ծառացած պրոբլեմներն են փոխվել, ո'չ էլ իշխանությունների գործելակերպը: Ամեն ինչ շատ պարզ է. ինչ-որ մարդիկ բռնությամբ զավթել են իշխանությունը, ամեն անգամ կեղծում են ընտրությունները եւ կատարելագործում երկիրը թալանելու մեխանիզմները, ընդդիմությունն էլ պիտի կարողանա կազմակերպել համաժողովրդական պայքարը եւ երկիրն ազատել այս ավազակախմբից: Սա է, ուրիշ բան չկա: Հետեւաբար` առաջիկա հանրահավաքում որեւէ մեկը հեծանիվ չի հայտնագործելու: Խնդիրն ընդամենը այն է, որ ընդդիմությունն իշխանափոխության կարող է հասնել միայն համաժողովրդական աջակցության շնորհիվ, իսկ այդ աջակցությունը ստանալու համար պետք է ակտիվացնել ժողովրդին, ինֆորմացիա տալ, համախմբել»:

Ներքաղաքական իրավիճակին է անդրադարձել նաեւ «Հայոց Աշխարհ»-ը. - «Ելնում են միտինգավորները հրապարակ, չունենալով ո'չ ծրագիր, ո'չ չնչին նախագիծ, ո'չ պատմական հեռանկարների նշույլ, եւ բարբաջում լուսավոր ապագայի մասին։ Նրանց ամենեւին չի շփոթեցնում, որ «ընդդիմադիրներ» ընդհանուր անվանման տակ միավորված են ազատականներն ու սոցիալիստները, բոմժերն ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաները»։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ընդդիմությունն ասում է` քանի որ Ադրբեջանը փորձում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացնել իրեն հարմար տեքստը, մենք էլ դրան պետք է հակադրենք մեզ ձեռնտու փաստաթուղթը, որի նախագիծն էլ առաջարկվում է մեր իշխանություններին: Չեմ կարող մասնագիտական գնահատական տալ այդ փաստաթղթին, բայց եթե ես լինեի արտաքին գործերի նախարարության տեղը, նամակ կգրեի Կոնգրեսին մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ. «Հարգելի Կոնգրես, շնորհակալ ենք ձեր առաջարկի համար, սակայն ձեր ներկայացրած փաստաթղթի այս եւ այս կետերը մեզ համար ընդունելի չեն: Բայց առաջարկի հաջորդ իսկ րոպեին հայտարարել, որ այն անհեթեթ է` որեւէ բանական քննության չի դիմանում: Խնդիրը հենց այն է, որ Հայաստանում չկա հասարակությանը հուզող հարցերի քննարկման մշակույթ, որը պետք է ձեւավորվի, իհարկե, իշխանության, ընդդիմության, լրատվամիջոցների եւ ողջ հասարակության ջանքերով: Մեզանում ընդունված է կենտրոնանալ ինչ-որ երկրորդական, անձնական դետալների վրա, որոնք զուտ արտաքնապես գուցե հետաքրքիր են, բայց շեղում են բուն թեմայից»:

«Հայկական ժամանակ»-ում տպագրված հարցազրույցում Պաշտպանության նախարարը պարզաբանումներ է ներկայացնում կապված Ադրբեջանի սպառազինման հետ: Հարց. - «Ադրբեջանը հաստատեց, որ Ռուսաստանի կողմից իրենց վաճառվող C-300 համակարգերի գործարքը ռեալիզացման փուլում է: Դուք ունե՞ք տեղեկություն, նրանք այդ համակարգերն արդեն ձե՞ռք են բերել»: Օհանյանը պատասխանում է. - «Ադրբեջանը երեւի ձեռք կբերի այդ համակարգը, որը պաշտպանական բնույթի է, եւ մենք մտավախություն չունենք, մանավանդ որ մի քանի անգամ ավելի մենք ունենք տվյալ համակարգից, քանակությամբ նկատի ունեմ, եւ ավելի լավ ենք տիրապետում, թե այն ինչպես կարելի է գործարկել, ինչպես մարտական վիճակի բերել եւ համապատասխան խնդիր կատարել»: Հարցին, թե որքանով է հավանական պատերազմը, Պաշտպանության նախարարը արձագանքում է. - «Պատերազմի հավանականությունը Պաշտպանության նախարարը երբեւիցե չպետք է բացառի, ես նրա համար եմ, որ մշտապես պատրաստ լինեմ մեր երկրին ագրեսիայի դեպքում մեր ժողովրդի հետ միասին դիմագրավելու: Իսկ դիմագրավելու առաջին պայմանը մթնոլորտի ստեղծումն է, որ մենք համերաշխ, միասնական մթնոլորտում լինենք: Բայց այսօր, այս պահին չեմ տեսնում, որ Ադրբեջանը կարող է մարտական գործողություններ սկսել, չնայած նրան, որ իրենց գործողությունները թույլ են տալիս ենթադրել, որ իրենք ուզում են ինչ-որ բաներ հրահրած լինել»:

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «Հրապարակ» թերթում գրում է. - «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ լսվող երկու գործերը ղարաբաղյան հակամարտության հետեւանքներից են: Համակարտության արդյունքում տեղի են ունեցել միջամտություններ մարդկանց իրավունքների նկատմամբ, եւ նրանք, օգտվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ընձեռած հնարավորությունից, ներկայացրել են գանգատներ: Սակայն կարծում եմ` Եվրոպական դատարանի վճիռն այս պարագայում ավելի շատ քաղաքական ուղղվածություն կունենա, քան դա մինչեւ հիմա նկատելի է եղել, եւ մինչեւ վերջ չի կարգավորի խնդիրը: Միեւնույն ժամանակ կարծում եմ, որ դատարանի վճիռը շատ ավելի խիստ կլինի երկու պետությունների կառավարությունների նկատմամբ, քան մինչեւ հիմա եղածները: Իսկ մինչեւ հիմա եղածները, կարծում եմ, շատ լոյալ են եղել երկու պետությունների կառավարությունների նկատմամբ, եւ հիմա դա կկոմպենսացվի»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG