Մատչելիության հղումներ

«Լուկաշենկոն արեց ամեն ինչ` ընտրությունները սեղմ ժամկետում կազմակերպելու համար»


Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին անգամ ստանձնում է Բելառուսի նախագահի պաշտոնը, 1994թ.
Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին անգամ ստանձնում է Բելառուսի նախագահի պաշտոնը, 1994թ.

Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը երեքշաբթի օրը որոշում կայացրեց երկրում նախագահական ընտրությունները դեկտեմբերի 19-ին անցկացնելու մասին:

Նախապես ենթադրվում էր, որ ընտրությունները կկազմակերպվեն 2011 թվականի սկզբին, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինայի խոսքով` քվեարկությունը պետք է կայանա ամենաուշը հունվարի 6-ին: «Իմ թղթապանակում երեք հնարավոր օր էր նշված` դեկտեմբերի 12-ը, դեկտեմբերի 19-ը եւ հունվարի 6-ը: Ի վերջո, պատգամավորները կանգ առան երկրորդ տարբերակի վրա», - հայտարարել է բելառուսական ԿԸՀ-ի ղեկավարը:

Քաղաքագետների կարծիքով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արեց ամեն ինչ` ընտրությունները որքան հնարավոր է սեղմ ժամկետներում կազմակերպելու համար:

«Լուկաշենկոն չի ցանկանում, որպեսզի ընտրությունները կայանան Նոր տարվա տոնակատարություններից հետո: Որպես կանոն, հունվարի 1-ից առաջ Մինսկի եւ Մոսկվայի միջեւ գազի վճարման շուրջ վեճեր են ծագում, որոնք ուղեկցվում են տեղեկատվական պատերազմներով: Լուկաշենկոն չէր ցանկանա նման տեղեկատվական մենամարտերի ֆոնին գնալ ընտրության», - նշել է վերլուծաբան Վալերի Կարբալեւիչը:

Ընդդիմադիր Նիկոլայ Ստատկեւիչի խոսքով էլ` «ընտրությունները դեկտեմբերի 19-ին անցկացնելով` Լուկաշենկոն ընդդիմությանը միավորման համար նվազագույն ժամանակ է թողնում»:

Իսկ «Եվրոպական Բելառուս» դաշինքի ղեկավար Անդրեյ Սաննիկովը խորհրդարանի որոշման հրապարակումից մի մի քանի ժամ անց հայտարարել է. - «Ես ընտրություններին պատրաստ եմ: Մենք այս բռնապետությունից ազատվելու եւ նորմալ եվրոպական պետություն կառուցելու լուրջ հնարավորություն ունենք»:

Նախագահական ընտրություններին մասնակցել ցանկացող մեկ այլ ընդդիմադիր գործիչ` Վլադիմիր Նեկլյաեւը շեշտել է. - «Ինչպես եւ նախորդ ընտրություններում, այս անգամ էլ նույն անհավասար պայմաններն են: Մի թեկնածուն օժտված է բոլոր հնարավոր լծակներով, մյուսները չունեն ոչինչ: Սա հատուկ է արվում, որպեսզի ընդդիմադիր թեկնածուները ստիպված լինեն խախտել Ընտրական օրենսգրքի այս կամ հոդվածը, ինչ էլ, իր հերթին, իշխանություններին հնարավորություն կտա դուրս թողնել նրանց ընտրարշավից»:

Բելառուսում նախագահի ինստիտուտը սահմանվել է 1994 թվականին: Երկրի առաջին եւ մինչ օրս միակ նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG