Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը Թուրքիային կոչ է անում ազատել բանտարկված լրագրողներին


ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչ

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեքշաբթի օրը Թուրքիային կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին եւ անհրաժեշտ փոփոխություններ կատարել մամուլի ոլորտին առնչվող օրենսդրությունում:

«Իմ գրասենյակը մոնիթորինգ է անցկացրել աճող մտահոգությունների կապակցությամբ, որ Թուրքիայում ավելանում են լրագրողներին կալանավորելու եւ նրանց նկատմամբ դատական գործեր հարուցելու դեպքերը», - գրել է Միյատովիչը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուին։

«Այս պահին մեկուսարաններում ավելի քան 40 լրագրողներ կան, եւ հարյուրավորների դեմ գործեր են հարուցված, որոնց արդյունքում նրանք կարող են բանտարկվել», - հավելել է Միյատովիչը` ընդգծելով, որ «բանտարկության սպառնալիքը կարող է խոչընդոտել քննադատական հրապարակումներին, որոնք պարտադիր են ժողովրդավարության համար»։

Միյատովիչը գոհունակություն է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի սեպտեմբերի 3-ի հայտարարության կապակցությամբ, որում թուրք պաշտոնյան նշել է, որ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ են կատարվելու` խուսափելու համար արտահայտվելու ազատության գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում լսվող գործերից:

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը առաջարկել է իր գրասենյակի օգնությունը։

Հավաստիացնելով, որ լիովին ընդունելի է, որ ահաբեկչությունը սպառնալիք է ազգային անվտանգության համար եւ դրա դեմ պետք է պայքարել, Միյատովիչը միաժամանակ նշում է, որ հանրությունը իրեն հետաքրքրող խնդիրների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունք ունի։

«Կառավարությունը չպետք է ահաբեկչության դեմ պայքարը օգտագործի մամուլի ազատությունները սահմանափակելու համար», - ընդգծել է նա։

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը անդրադարձել է նաեւ գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար լրագրողների բանտարկություններին; Միյատովիչն ասել է, թե «գաղտնիքներ հրապարակելու համար մեղադրանքները կարող են վերաբերել միայն պաշտոնյաներին, որոնք գաղտնիքը պահելու պարտավորություն ունեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG