Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը մշակել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող բանաձեւի նախագիծ` ՄԱԿ ներկայացնելու համար


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) մշակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված իրավիճակի վերաբերյալ բանաձեւի նախագիծ, որը, ընդդիմադիր դաշինքի ներկայացուցչի խոսքով, «անհրաժեշտ է ներկայացնել ՄԱԿ»:

Փաստաթուղթը երեքշաբթի օրը լրագրողներին ներկայացրեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, իրենց հեղինակած նախագիծը Ադրբեջանի կողմից ՄԱԿ ներկայացված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային հումանիտար իրավունքի եւ միջազգային ստանդարտների նորմերի պահպանումը» բանաձեւի նախագծի հակաքայլն է:

Անցած շաբաթ, հիշեցնենք, Ադրբեջանի ներկայացրած նախագծի քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում հետաձգվել է:

«Հայաստանի իշխանությունները ուղղակի իրենց ոչ կոմպետենտությունից ելնելով կամ անկարողությունից ելնելով ոչ մի ադեկվատ քայլ չեն անում Ադրբեջանի այս քայլերին դիմակայելու համար», - հայտարարեց Զուրաբյանը:

Իրենց մշակած բանաձեւի նախագծում ընդդիմադիրները հղումներ են կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի վրա: «Որոնցից [այդ բանաձեւերից] պարզ երեւում է կոնֆլիկտի էությունը: Եվ որոնցից երեւում է, որ Հայաստանի չի գրավել Ադրբեջանի տարածքները», - պարզաբանեց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

Նախագծում կոչ է արվում հակամարտության կողմերին «խստորեն կատարել զինադադարի մասին համաձայնագիրը եւ հասնել լրացուցիչ համաձայնությունների»:

«Ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են նպաստել բռնությունների կրկնությանը», - նախագծից մեջբերեց Լեւոն Զուրաբյանը:

Նա հայտարարեց, որ բանաձեւը ներկայացվում է ոչ միայն հասարակությանը, այլեւ իշխանություններին. - «Այս փաստաթուղթը մենք ներկայացնում ենք ոչ միայն մեր հասարակությանը, այլ նաեւ մեր իշխանություններին, արտաքին գործոց նախարարությունը` այն ակնկալիքով, որ նրանք վերջապես կդադարեցնեն իրենց անգործությունը եւ կդիմեն համապատասխան քայլերի»:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զերծ մնաց ՀԱԿ-ի ներկայացրած փաստաթուղթը մեկնաբանելուց:

Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կուսակցությունը քննարկելու է արդյոք ընդդիմության ներկայացրած բանաձեւի նախագիծը, արձագանքեց. - «Ի՞նչը քննարկի… Այստեղ գրված է, որ ռազմատենչ հայտարարություններ չպետք է անեն, այս չպետք է անեն… Դա բազմաթիվ անգամներ համանախագահները հայտարարել են»:

Շարմազանովի խոսքով, խնդիրը կապված չէ Հայաստանի իշխանությունների հետ. Ադրբեջանի «ապակառուցողական նախաձեռնություններն են առաջացնում բարդություններ»:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համաձայնեց, որ անհրաժեշտ են համարժեք քայլեր ընդդեմ Ադրբեջանի նախաձեռնությունների:

«Մենք պետք է լինենք այդ դաշտում ակտիվ, որովհետեւ ուզենք, թե չուզենք` Ադրբեջանը այդ դաշտում աշխատում է», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG