Մատչելիության հղումներ

Բաքվում գումարվում է էներգետիկ հարցերով գագաթնաժողով


Տեսարան Բաքվից
Տեսարան Բաքվից

Երեքշաբթի օրը Բաքվում բացվում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռումինիայի նախագահներ Իլհամ Ալիեւի, Միխեիլ Սահակաշվիլիի եւ Տրայան Բասեսկուի հանդիպումը, որի օրակարգում էներգետիկայի խնդիրներ են։

Ենթադրվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն եւ Եվրոպական միության էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերը։

Գագաթնաժողովի ավարտին Ալիեւը, Սահակաշվիլին եւ Բասեսկուն պետք է ստորագրեն «Բաքվի հռչակագիրը»։ Եռյակի նախաձեռնությունը AGRI-ն է` Azerbaijan - Georgia - Romania Interconnector էներգետիկ ծրագիրը։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` AGRI-ի շրջանակներում ենթադրվում է ադրբեջանական գազը փոխադրել Վրաստանում գտնվող Կուլեւի նավահանգիստ, անտեղ կառուցվելիք հատուկ տերմինալում գազը հեղուկացնել եւ լցանավերով հասցնել Կոնստանցա։ Այդ տերմինալում վառելիքը նորից կվերափոխվի գազի եւ ռումինական գազատարներով կհասցվի թե' Ռումինիայի եւ թե' եվրոպական այլ երկրների սպառողներին։ Չի բացառվում, որ հետագայում ծրագրին միանա նաեւ Հունգարիան։

Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիք Ալիեւը երկուշաբթի օրը ասել է, թե ծրագրի ֆինանսավորումը կազմում է 1 միլիարդ 200 միլիոնից մինչեւ 4.5 միլիարդ եվրո։ Ադրբեջանը պատրաստ է AGRI-ի ծրագրի համար տարեկան հատկացնել 1, ապա` 5, իսկ ավելի ուշ` մինչեւ 8 միլիարդ խորանարդ մետր բնական վառելիք։

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կհիմնադրվի հատուկ ընկերություն, որի առջեւ կդրվի AGRI ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը կազմելու, տեխնիկական, տեխնոլոգիական, ֆինանսական եւ իրավական հարցերը մշակելու խնդիր։

«Որքան արագ լուծվեն այդ հարցերը, այնքան արագ կիրականացվի ծրագիրը», - ասել է Նաթիք Ալիեւը` նշելով, որ ֆինանսավորումն ապահովելու են ոչ թե մասնակից երկրները, այլ դրանով հետաքրքրված մասնավոր ընկերությունները։

Նախարարի խոսքերով, AGRI-ն չի դառնա մրցակից էներգետիկ մեկ այլ նախաձեռնության` Nabucco ծրագրի համար, որովհետեւ ենթադրում է մատակարարման ավելի նվազ ծավալ եւ մասնակից երկրների ավելի փոքր թիվ։

Ադրբեջանի իշխանությունները հավաստիացնում են, որ գազի կասպյան պաշարները բավական են բոլոր ծրագրերի համար, մինչդեռ որոշ մեկնաբաններ կասկածի տակ են առնում առնվազն Nabucco-ի ապագան` ասելով, թե Ռուսաստանը անվերջ ավելացնում է ադրբեջանական գազի գնումը, ինչի արդյունքում Ադրբեջանը մի օր պարզապես չի ունենա Ռուսաստանից բացի որեւէ այլ երկիր գազ արտահանելու հնարավորություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG