Մատչելիության հղումներ

Սահակաշվիլին չի բացառում ռուս - վրացական նոր բախում


Միխեիլ Սահակաշվիլի
Միխեիլ Սահակաշվիլի
«Բարաք Օբամայի վարչակազմը Վրաստանի խնդիրը տարանջատում է ռուս - ամերիկյան հարաբերություններից, արդյո՞ք դա վկայում է այն մասին, որ Վրաստանը սկսում են մոռացության մատնել», - այս հարցով է Newsweek-ը սկսել հարցազրույցը Միխեիլ Սահակաշվիլիի հետ։

«Առայժմ մենք ստանում ենք Վաշինգտոնի աջակցությունը, ամենաոգեւորիչն այն է, որ բարձրաստիճան բոլոր հանդիպումներում Ամերիկան արծարծում է Վրաստանի թեման։ Տակավին վերջերս պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի ներկայությունը վրացական շրջաններում անվանել է «ապօրինի օկուպացիա», ինչն ինքնին աննախադեպ է դիվանագիտության համատեքստում։ Այնպես որ, չեմ կարծում, թե Վրաստանն անտեսվում է», - ասել է Վրաստանի նախագահը։

Խոսելով Վրաստանին ամերիկյան զինամթերքի մատակարարումը վերսկսելու նպատահարմարության մասին` Սահակաշվիլին նշել է, թե Վրաստանը չի կարող հարձակվել Ռուսաստանի վրա, մինչդեռ անպաշտպան Վրաստանը հարմար թիրախ է Ռուսաստանի համար, որտեղ կարող են գայթակղվել Վրաստանի իշխանությունը ռազմական ճանապարհով փոխելու հնարավորությամբ։

«Նախընտրական արշավ սկսելուց առաջ, Վլադիմիր Պուտինը ամեն անգամ պատերազմ է նախաձեռնել։ Կարծես թե նա նորից է առաջադրվելու, եւ հենց դա էլ մեզ անհանգստացնում է», - ասել է Սահակաշվիլին եւ հույս հայտնել, որ Միացյալ Նահանգներն իր երկրին կօգնի պաշտպանական զինատեսակներով։

Միխեիլ Սահակաշվիլիի համոզմամբ` անհրաժեշտ է միջազգայնացնել Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ռուսական զորքերը դուրս բերելու հարցը։

«Ժողովրդավարական հասարակարգերում մարդկանց թույլատրում են վերադառնալ իրենց տները, այդ հասարակարգերում հզոր հարեւանը զենքով չի հարձակվում փոքր հարեւանի վրա։ 20-րդ դարում այդպես պատահել է, սակայն հզորները չեն կարողացել պահպանել այդ տարածքները։ Կարծում եմ, 21-րդ դարում էլ չեն պահպանի», - ասել է Վրաստանի նախագահը եւ ավելացրել. - «Այսօրվա դրությամբ շուրջ 500 հազար մարդ` հիմնականում վրացիներ, սակայն նրանց թվում կան նաեւ էստոնացիներ, հույներ, հրեաներ, չեն կարողանում վերադառնալ իրենց տներ։ Այսօր Աբխազիայում բնակչության թիվը 100 հազարից էլ քիչ է, իսկ Հարավային Օսիայում կա ընդամենը 6 հազար բնակիչ` սա անբնական վիճակ է»։

«Ռուսաստանը գրավել է մեր տարածքի 20 տոկոսը, դեսպանատներ է պահում ոչ թե Թբիլիսիում, այլ Հարավային Օսիայում եւ Աբխազիայում։ Նրանք հրաժարվում են գործ ունենալ մեր ընտրված իշխանությունների հետ։ Մենք պատրաստ ենք ամեն ինչի շուրջ ցանկացած պահի երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ, սակայն նրանք երկխոսություն չեն ուզում եւ հիմա էլ C-300 տեսակի հրթիռներ են տեղակայում Աբխազիայում», - ասել է Սահակաշվիլին։

Պատասխանելով Ռուսաստանի հետ նոր հակամարտության հնարավորությանը վերաբերող հարցին` Վրաստանի նախագահն ասել է, որ վրացիները ցանկանում են խուսափել նման զարգացումից, բայց ռուսները գուցեեւ այդ ուղղությամբ ինչ-որ բան ծրագրում են։

«Այսօրվա դրությամբ, Վաշինգտոնը Վրաստանին տվե՞լ է անվտանգության երաշխիքներ ռուսների հնարավոր հարձակման առումով», - այս հարցին Սահակաշվիլին արձագանքել է. - «Ոչ, պաշտոնական հավաստիացում չկա, կարծում եմ, այսօր առավելապես դիվանագիտական ջանքեր են գործադրվում նոր հակամարտությունը կանխելու համար»:

«2008-ից առաջ ոչ ոք չէր մտածում, որ պատերազմը հնարավոր է, հիմա մարդիկ ցանկանում են խուսափել դրանից, որովհետեւ արդեն գիտեն, որ հնարավոր է», - հավելել է Վրաստանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG