Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները հարգանքի տուրք մատուցեց 9/11-ի զոհերի հիշատակին


Նյու Յորք, պայթեցված զույգ աշտարակների տեղում վառվող «Հիշատակի լույսերը», տեսարան Բրուկլինից
Նյու Յորք, պայթեցված զույգ աշտարակների տեղում վառվող «Հիշատակի լույսերը», տեսարան Բրուկլինից

Միացյալ Նահանգներում շաբաթ օրը սգո հանդիսավոր արարողություններ անցկացվեցին՝ հարգանքի տուրք մատուցելով 9 տարի առաջ իսլամական «Ալ Ղաիդա» խմբավորման ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական հարձակումների շուրջ 3 հազար զոհերի հիշատակին։

Այս տխուր հոբելյանի նախօրեին ԱՄՆ-ում մահմեդականների դեմ կոչեր էին հնչում, որոնք առավել սրվել էին Նյու Յորքում` ահաբեկչական արդյունքում ավերված զույգ աշտարակների մոտակայքում մզկիթ կառուցելու ծրագրերի առնչությամբ։

Ֆլորիդացի հոգեւորական Թերի Ջոնսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ում 2001-ին իրականացված ահաբեկչության տարելիցի օրը այրելու է Ղուրանի մի քանի օրինակ: Ջոնսի այս նախաձեռնությունը դատապարտել են բազմաթիվ քաղաքական եւ կրոնական առաջնորդներ:

Բողոքի մեծ ալիք է բարձրացել մահմեդական երկրներում: Աֆղանստանում բողոքի ցույցի ժամանակ 1 մարդ զոհվել է, կան վիրավորներ։

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին զսպվածության կոչ է արել։ Ֆլորիդացի հոգեւորականը, ի վերջո, հայտարարեց, թե ակցիան ժամանակավորապես կասեցված է:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին ինքնասպան ահաբեկիչների առեւանգած չորս ինքնաթիռներից երկուսը ուղղվեցին Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի զույգ աշտարակների վրա, մեկը` Պենտագոնի, իսկ չորրորդը, որի ուղեւորները պայքարի էին բռնվել առեւանգողների հետ, աղետի ենթարկվեց Փենսիլվանիա նահանգում` բաց դաշտում։

Հարձակման արդյունքում զոհվեց 2 հազար 975 մարդ։ Զոհվեցին նաեւ հարձակումներն իրականացրած 19 ինքնասպան ահաբեկիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG