Մատչելիության հղումներ

Գազի սակագինը կարող է կրկին բարձրացվել


Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր հաստատել է, որ «Գազպրոմ» ընկերությունը նախատեսում է հաջորդ տարի կրկին բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի սակագինը: Բանակցություններն այդ հարցի շուրջ ընթացքի մեջ են:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ փուլում են այդ բանակցությունները եւ ինչ է անում կառավարությունը քաղաքացիների համար գազի նոր թանկացման եւ գնաճի հետեւանքները մեղմելու ուղղությամբ, Տիգրան Սարգսյանը արձագանքեց. - «Ռուսաստանի նախագահի այցելության ժամանակ Հայաստան այս հարցը քննարկվել է, եւ մենք մշտապես այս հարցը պահում ենք մեր ուշադրության կենտրոնում: Համապատասխան հանձնարարական «ՀայՌուսգազարդ»-ի տնօրինությանը տրված է… Մի քանի ամսվա ընթացքում, կարծում եմ, որ «ՀայՌուսգազարդ»-ի տնօրինությունը ձեզ ավելի հստակ տեղեկատվություն կտա, թե այդ կոնսուլտացիաները ինչով են ավարտվել»:

«ՀայՌուսգազարդ» ընկերություն խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ընդամենը, թե հարցը քննարկման փուլում է` հրաժարվելով այլ մեկնաբանություններից:

Օրերս «Գազպրոմ»-ի վարչության նախագահի տեղակալ Անդրեյ Կրուգլովը հիշեցրել էր, որ ընկերությունը Հայաստանի, Բելառուսի եւ Մոլդովայի հետ «գազի շուկայական գնագոյացումը ավարտին պետք է հասցնի 2011 թվականին»:

«Մենք ակնկալում ենք գազի գների աճ այս տարածաշրջանում, ակնկալում ենք այդ երկրների հետ շուկայական գնագոյացման անցնել 2011 թվականին», - ասել էր Կրուգլովը` հավելելով, թե նախատեսվում է, որ այս տարի Եվրոպա արտահանվող գազի միջին գինը կլինի 308 դոլար 1000 խորանարդ մետրի համար:

Գազի սակագինը վերջին անգամ բարձրացվել է այս տարվա ապրիլի 1-ին: «Գազպրոմ»-ը 17 տոկոսով բարձրացրեց Հայաստան մատակարարվող գազի սակագինը` հասցնելով 180 դոլարի 1000 խորանարդ մետրի համար: Արդյունքում բնակիչների կողմից սպառվող մեկ խորանարդ մետր գազի սակագինը 96 դրամից հասավ 132 դրամի:

«ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը եւ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ապրիլմեկյան թանկացումից անմիջապես հետո արդեն հայտարարում էին, որ պետք է պատրաստ լինել միջազգային գներով գազ գնելուն:

Գազի սակագների բարձրացմամբ պայմանավորված առավել խոցելի խմբերին դրամական օժանդակություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի կառավարությունը այս տարի որոշում է ընդունել մայիսի 1-ից 15 տոկոսով (3 հազար դրամով) ավելացնել սոցիալական նպաստները, իսկ նոյեմբերի 1-ից 11տոկոսով (2.5 հազար դրամով)` կենսաթոշակները:

7 հազար քաղաքացիների անունից գազի սակագնի բարձրացման դեմ դատական հայցի համահեղինակ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերի հանձնախմբի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Հայաստանի բաժանորդները «արդեն 4 տարի է, ինչ վճարում են եվրոպական գներով», - «Մեկ խորանարդ մետրի դիմաց 370 դոլարով: Մենք հիմա վճարում ենք այդքան»:

Սակագնի հետագա բարձրացումը, Խաչատրյանի ձեւակերպմամբ, «պարզապես դիվերսիա է պետության եւ քաղաքացիների նկատմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG