Մատչելիության հղումներ

Վրաստանը «դիվանագիտական փոքր հաղթանակ» է տոնում ՄԱԿ-ում


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, արխիվային լուսանկար
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը, արխիվային լուսանկար

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին «դիվանագիտական փոքր հաղթանակ» է որակել երեքշաբթի օրը ՄԱԿ-ում ընդունված բանաձեւը, որը պաշտպանում է Աբխազիայի ու Հարավային Օսիայի փախստականների` հայրենի տները վերադառնալու իրավունքները։

Բանաձեւը դատապարտում է հակամարտությունների արդյունքում դեմոգրաֆիական բռնի փոփոխությունները Վրաստանում եւ նշում է, թե Վրաստանի ամբողջ տարածքում, այդ թվում` Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, ներքին տեղահանվածներն ու փախստականները եւ նրանց սերունդները իրենց տները վերադառնալու իրավունք ունեն։

Վրաստանի կողմից ներկայացված բանաձեւի նախագծին կողմ է քվարկել 50, դեմ` 17, ձեռնպահ` 86 երկիր։

Սա գնահատելով որպես փոքր հաղթանակ` Սահակաշվիլին ավելացրել է. - «Վերջական հաղթանակը կլինի այն ժամանակ, երբ օկուպանտները լքեն մեր տարածքները, եւ մեր ժողովուրդը վերջապես վերադարձնի իր տները եւ իր հայրենիքը: Դա կլինի վերջնական հաղթանակ, բայց մինչ այդ հաղթանակը մենք պետք է անցնենք դիվանագիտական բազմաթիվ պայքարների միջով»։

Այս մասին Սահակաշվիլին խոսել է չորեքշաբթի օրը, երբ Թբիլիսիում կաշվի մշակման գործարան էր այցելել։

Ըստ հաղորդագրությունների` նա նաեւ ասել է. - «Նայեք այն երկրների ցանկին, որոնք պաշտպանել են Ռուսաստանին այս հարցում, եւ ամեն ինչ լրիվ պարզ կդառնա»։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` պաշտոնական Մոսկվան գտնում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում այդ բանաձեւի քվեարկությունը բարդացնում է իրավիճակը տարածաշրջանում եւ կարող է վնաս հասցնել ժնեւյան երկխոսությանը:

Հաղորդագրությունում նշված է. - «Վրաստանի ներկայիս ռեժիմը գործում է միայն քաղաքական կոնյունկտուրայից ելնելով։ Հումանիտար սյուժե են ուռճացնում` չմտածելով հազարավոր մարդկանց ճակատագրերի մասին, որ տուժել են նրանց կարճատես ու ագրեսիվ քաղաքականության պատճառով»։

Ռուսաստանը հայտարարել է, թե բանաձեւի նախագիծը կազմվել է` առանց հաշվի առնելու տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որը Վրաստանի «արկածախնդիր» քաղաքականության արդյունք է, իսկ իրողությունն այն է, որ տարածաշրջանում արդեն երկու տարի գոյություն ունեն երկու անկախ պետություններ՝ Աբխազիան ու Հարավային Օսիան, եւ սրա հետ ինչպես Վրաստանի իշխանությունները, այնպես էլ նրանց արտաքին հավանավորները վաղ թե ուշ պետք է հաշտվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG