Մատչելիության հղումներ

Մարք Չեփմենի ներման դիմումը նորից մերժվեց


Հոկտեմբերի 9-ին աշխարհի երաժշտասերները կնշեն Ջոն Լենոնի ծննդյան 70-ամյակը, իսկ դեկտեմբերի 8-ին` բիթլի սպանության 30-րդ տարելիցը։

1980 թվականի դեկտեմբերի 8-ին Մարք Չեփմենը Նյու Յորքում` Մանհեթենի Ափեր Վեսթ Սայդ շրջանում գտնվող Դակոտա անունով շենքի մոտ դարանակալել եւ սպանել էր առասպելական բիթլին։

Երեք տասնամյակ առաջ Չեփմենի արձակած կրակոցներից ամբողջ աշխարհն էր ցնցվել։ Մարդիկ չէին կարողանում հասկանալ եւ նույն հարցն էին տալիս` «Ո՞վ, ինչո՞ւ Ջոնին, ո՞ր մեղքի համար»։

Մարդասպանը փախուստի չէր դիմել, մտել էր շքամուտք եւ դռնապանին զեկուցել.- «Ես հենց նոր այստեղ մարդ սպանեցի»։

Դեպքի վայր րոպեներ անց ժամանած երկու ոստիկաններից մեկը ջահել տղա էր, արյան լճակը տեսնելով, նա փսխել էր, ավագը` փորձառու ոստիկան, ով հաճախ էր հերթապահել Ափեր Վեսթ Սայդի այդ թաղամասում, անմիջապես ճանաչել էր հիստերիկ վիճակում գտնվող Յոկո Օնոյին։

Շղթայելով Չեփմենի ձեռքերը, ոստիկանը հարցրել էր. - «Սրիկա, դու գոնե գիտե՞ս, թե ում ես սպանել»։ «Այո, գիտեմ», - հանգիստ արձագանքել էր մարդասպանը. - «Ջոն Լենոնին»։

Ըստ ականատեսների, Չեփմենի դեմքին այդ պահին շփոթված ժպիտ էր։ Քննիչներն ու հոգեբույժները հանգել են այն եզրակացության, որ չնայած խանգարված հոգեվիճակին, Մարք Չեփմենը կարող է կանգնել դատարանի առաջ։

1981 թվականի օգոստոսի 24-ին Նյու Յորք նահանգի դատարանը Չեփմենին դատապարտեց ցմահ ազատազրկման` բանտում առնվազն 20 տարի մնալու նախապայմանով։ Դա նշանակում էր, որ Չեփմենը, ինչպես եւ ցանկացած դապապարտյալ` տեսականորեն ուներ ներում հայցելու իրավունք, բայց այն կարող է ներկայացնել միայն 20 տարի բանտում մնալուց հետո, ընդ որում` այդ ընթացքում պարտավոր էր օրինակելի վարք դրսեւորել։

2000 թվականին Մարք Չեփմենը` բանտի վարչակազմի կողմից բնութագրվելով որպես կարգապահ դատապարտյալ, ներում ստանալու դիմում էր գրել։ Երբ եղել են փաստաբանների կամ լրագրողների հետ հանդիպելու առիթներ, նա հետեւողականորեն պնդել է, որ զղջում է, որ շատ է ափսոսում Յոկո Օնոյին, Ջոնի զավակներին եւ երկրպագուներին ցավ պատճառելու համար։ Մի անգամ նույնիսկ ասել է.- «Ջոնն ինձ վաղուց կներեր»։

Սակայն 2000 թվականին դատարանը մերժել է Չեփմենի դիմումը, դրանից հետո մերժել է երկու տարվա պարբերականությամբ ներկայացված բոլոր մնացած դիմումները։ Անցած երեքշաբթի օրը մերժվել է վերջին` թվով արդեն 6-րդ դիմումը։

Ըստ «Նյու Յորք Դեյլի Նյուզ» պարբերականի, ներման հանձնաժողովը ստացել է Չեփմենի ներումը մերժելու խնդրանքով 75 նամակ, որոնցից մեկը Յոկո Օնոն է գրել։ 77-ամյա այրին հանձնաժողովին փոխանցել է, որ Չեփմենին համարում է սպառնալիք թե' իր եւ թե' Ջոնի երկու որդիների համար։ Ավելին, Յոկո Օնոն գրել է, թե Չեփմենին չի կարելի ազատ արձակել նաեւ այն պատճառով, որ աշխարհում կարող են գտնվել խենթ-երկրպագուներ, ովքեր կցանկանան վրեժ լուծել Ջոնի համար։

55-ամյա Մարք Չեփմենը հաջորդ անգամ կարող է ներման դիմում ներկայացնել 2012 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG