Մատչելիության հղումներ

Սորոսը աննախադեպ գումար է նվիրաբերել իրավապաշտպան կազմակերպությանը


Ջորջ Սորոս
Ջորջ Սորոս

Աշխարհահռչակ միլիարդատեր, ֆինանսիստ եւ ինվեստոր Ջորջ Սորոսը որոշել է 100 միլիոն դոլար նվիրաբերել՝ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Human Rights Watch կազմակերպությանը։

Փորձագետները փաստում են, որ սա մեկ մարդու կողմից ժողովրդավարության տարածման ուղղությամբ կատարված ամենամեծ նվիրատվությունն է պատմության մեջ:

«Կուզենայինք, որ այս օրինակը վարակիչ դառնար նաեւ մյուս մեծահարուստների համար եւ քաջալերեր նրանց ներդրումներ կատարել՝ հանուն մարդկանց իրավունքների պաշտպանության», - ասել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։

Ծնունդով հունգարացի, «Ֆորբս» հանդեսի հրապարակած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում 35-րդ տեղը զբաղեցնող Ջորջ Սորոսը հայտարարել է, թե այդ դրամաշնորհի նպատակն է ակտիվացնել իրավապաշտպան կազմակերպության աշխատանքը, որի հեղինակությունը դեմոկրատ Սորոսի համոզմամբ, լուրջ անկում էր ապրել Միացյալ Նահանգների նախկին նախագահ, հանրապետական Ջորջ Բուշի իշխանավարության ժամանակ։

«Միացյալ Նահանգները՝ որպես աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության հիմնական ջատագովներից մեկը, Բուշի վարչակազմի օրոք կորցրեց այն բարձր հեղինակությունը, որ ուներ: Այժմ, իմ կարծիքով, այդ առաքելությունը պետք է ստանձնեն աշխարհի մյուս երկրները, ակտիվանան, լրացնեն վակուումը եւ առավել մեծ ներգործություն ունենան ժողովրդավարության տարածման վրա», - «Ռոյթերզ» գործակալությանն ասել է 80-ամյա Ջորջ Սորոսը։ - «Ես պատրաստ եմ տրամադրել հարյուր միլիոն դոլարը առաջիկա տասը տարիների ընթացքում՝ պայմանով, որ այդ ժամանակահատվածում Human Rights Watch-ը կարողանա նույնքան հանգանակել նաեւ այլ՝ Միացյալ Նահանգներից դուրս գտնվող աղբյուրներից։ Կազմակերպությունն արդեն իսկ բավական լուրջ կապեր ունի Եվրոպայում, սակայն, իմ համոզմամբ, նրանք դեռեւս պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ տանեն Լատինական Ամերիկայում եւ Ասիայում»։

Նշեք, որ շուրջ 300 աշխատակից ունեցող հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը արդեն երեսուն տարի է՝ ուսումնասիրում է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը աշխարհի շուրջ 90 երկրներում, վերջին տասնամյակում՝ նաեւ Հայաստանում։

«Վստահ եմ, որ իմ տրամադրած գումարը կծառայի իր նպատակին եւ խելամտորեն կծախսվի», - հայտարարել է Սորոսը՝ ընդգծելով, որ որպես մեկենաս իր առաջին նվիրաբերությունները սկսել է 80-ականներին՝ հենց Human Rigts Watch-ի կազմակերպած հավաքների ժամանակ:

«Ես խորապես հավատում եմ մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, եւ դա իմ այս որոշման առաջին դրդապատճառն է: Երկրորդն այն է, որ ես լավ եմ ճանաչում այս կազմակերպությունը եւ վստահում եմ կատարված աշխատանքի արդյունավետությանը», - նշել է մեծահարուստը։

«Այս դրամաշնորհը լուրջ աջակցություն է մեզ համար», -հայտարարել Human Rights Watch-ի գործադիր տնօրենն ու պնդել, թե այդ գումարով կազմակերպությունը պատրաստվում է ընդլայնել իր գործունեությունը մի շարք երկրներում, հարյուրավոր նոր աշխատակիցներ ներգրավել, ինչպես նաեւ ամրապնդել համագործակցությունը լրագրողների ու տեղական իրավապաշտպան կազմակերպությունների հետ։

Նշենք, որ ամենավերջին հաշվարկներով ֆինանսիստ Սորոսի կարողությունը մոտ 14 միլիարդ դոլար է գնահատվում: 1984 թվականից ի վեր նրա հիմնած Բաց հասարակության հիմնադրամը ամեն տարի շուրջ մի քանի հարյուր միլիոն դոլար է տրամադրում աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությամբ զվաղվող կազմակերպություններին ու անհատներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG