Մատչելիության հղումներ

Թբիլիսիում հայկական դպրոցներ են փակվում


Տեսարան Թբիլիսիից
Տեսարան Թբիլիսիից

Ուսումնական նոր տարվա մեկնարկը նշանավորվեց Թբիլիսիի հայկական դպրոցներում եւ հայկական ուսուցմամբ բաժիններ ունեցող վրացական կրթօջախներում սկիզբ առած վերակազմավորմամբ:

Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Հայկական դպրոցները փաստորեն փակում են: Պատճառն աշակերտների քանակն է: Երեխաները հայկական դպրոցներ չեն գնում, միտում կա, որի համաձայն ավելի շատ գերադասում են վրացական դպրոցներ դիմել, հետո նոր` հայկական ու ռուսական: Մեր կանխատեսմամբ` շուտով Թբիլիսիում կմնա մեկ հայկական եւ երկու ռուսական դպրոց»:

Նրա խոսքով` վերջինը վերակազմավորման ենթարկվեց Վրաստանի մայրաքաղաքում գործող թիվ 110 միջնակարգ դպրոցը: «Մինչ այդ փակվել էր նաեւ Թբիլիսիում գործող թիվ 31 դպրոցը», - նշեց Ստեփանյանը` բացատրելով, որ հայկական դպրոցներում աշակերտների քանակի նվազման պատճառներից մեկը հանրակրթության ոլորտում վրացական իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է. - «Այդ նոր քաղաքականության համաձայն` 10-րդ եւ 11-րդ դասարաններում ուսուցումը միայն վրացերեն է կազմակերպվում: Այդ լեզվին չտիրապետողին շատ դժվար է վրացերենով աշխարհագրություն կամ պատմություն սովորել»:

Ստեփանյանի փոխանցմամբ` վրացական իշխանությունները հայկական դպրոցների վերակազմավորման գործընթացի անհրաժեշտությունը բացատրում են զուտ ֆինանսական նկատառումներով: Վրաստանի հանրակրթության համակարգում այսպես կոչված վաուչերային համակարգ է գործում. աշակերտների, համապատասխանաբար նաեւ վաուչերների քանակից է կախված այս կամ այն դպրոցին հատկացվող ֆինանսավորման ծավալը:

«Ամեն մի վաուչերը մի քանի տասնյակ լարի է: Եթե վաուչերների քանակը քիչ է, ապա ուսուցիչները նորմալ աշխատավարձ ստանալու հնարավորություն չունեն», - նշեց Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավարը:

Առնոլդ Ստեփանյանը նաեւ հայտնեց, որ հայկական դպրոցների ճակատագիրը ուսումնական տարվա մեկնարկից առաջ քննարկել էր Վրաստանի կրթության նախարարության պաշտոնյաների հետ:

«Մոտ երկու-երեք ամիս առաջ էր, որ հանդիպեցինք Վրաստանի կրթության նախարարի առաջին տեղակալի հետ: Նա մեզ խոստացավ, որ Թբիլիսիում ոչ մի հայկական դպրոց չի փակվի: Փոխնախարարը մեզ փաստորեն խաբեց», - նշեց Ստեփանյանը:

Հիշեցնելով, որ մինչեւ 90-ականների սկիզբը Թբիլիսիում 9 հայկական դպրոց էր գործում, Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավարը ընդգծեց, որ «20 տարվա ընթացքում դրանց թիվը երեք անգամ կրճատվել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG