Մատչելիության հղումներ

Ալյուրը Հայաստանում վաճառվում է «հնարավոր նվազագույն գնով»


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը լրագրողների հետ հանդիպմանը: Երեւան, 6-ը սեպտեմբերի, 2010թ.
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը լրագրողների հետ հանդիպմանը: Երեւան, 6-ը սեպտեմբերի, 2010թ.

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարերց, թե այսօր «մեր Հանրապետությունում ալյուրը վաճառվում է բավականին ցածր գնով, այսինքն` հնարավոր նվազագույն գնով»:

Հուլիսի երկրորդ կեսին, հիշեցնենք, 50 կիլոգրամանոց մեկ պարկ ալյուրի գինը երեւանյան շուկաներում թանկացավ 20-25%-ով` հասնելով մինչեւ 9500 դրամի: Այսօր այդ գինը ավելի բարձր է` մոտ 10000 դրամ: Նշենք նաեւ, որ նույն Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների համաձայն, ցորենի ալյուրի շուկայում գերիշխող դիրքեր ունեցող «Ալեքս Գրիգ» եւ «Մանանա Գրեյն» ընկերությունները միասին ներմուծում են ցորենի գրեթե 82%-ը: Որոշ տեղեկությունների համաձայն, «Ալեքս Գրիգ»-ը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Հարցին, թե ալյուրի շուկայում հանձնաժողովի կողմից իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում հակամրցակցային գործունեության դեպքեր արձանագրվե՞լ են, թե՞ ոչ, Շաբոյանը արձագանքեց. - «Ալյուրի շուկան գտնվում է մեր մոնիտորինգի ներքո: Մենք ամեն օր կուսումնասիրենք մեր շուկան: Այս պահին գները գտնվում են հնարավոր նվազագույն մակարդակի վրա»:

Պարզաբանելով, թե ինչու ավելի վաղ Հայաստան ներկրված ու դեռ չթանկացած ցորենը ներմուծող ընկերությունները սկսեցին թանկ վաճառել` պատճառաբանելով, որ միջազգային շուկայում ցորենի գինն աճել է` Արտակ Շաբոյանը ասաց. - «Առկա խմբաքանակները բարձր ինքնարժեքով էին հաշվառված: Սովորաբար մայիս ամսին ամենաթանկ ցորենն են ձեռք բերում, բայց այդ ընթացքում գները չէին բարձրանում, քանի որ սովորաբար յուրաքանչյուր տարի հունիս-հուլիս ամիսներին տեղի է ունենում ցորենի գների նվազում, եւ տնտեսվարող սուբյեկտները հունիս-հուլիս ամիսներին ավելի էժան ցորեն են ներմուծում եւ այդ ճշգրտումը [գների] իրենք էին իրականացնում»:

Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, ստեղծված իրավիճակից շտապեցին օգտվել նաեւ բեռնափոխադրողները, որոնք նույնպես թանկացրեցին իրենց ծառայությունները, ինչը նույնպես ազդեց Հայաստանում ցորենի ու հետեւաբար` ալյուրի գնի վրա:

«Այն ապրանքը, որը չի գնվել ավելի թանկ, բայց վաճառվում է ավելի թանկ եւ մենք ձեզ հետ միասին վճարում ենք ավելի թանկ, բնականաբար, [այս ամենի արդյունքում] խախտվում է սպառողի իրավունքը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանը. - «Դա միջազգային ընդունված սկզբունք է` կարող է վաճառվել ավելի թանկ այն ապրանքը, որի վրա ավելի շատ ծախսեր են կատարվել: Եթե կանխատեսումը այնպիսին է, որ մարդիկ [ներմուծողները] պիտի ավելի թանկ առնեն, դրա համար են թանկացրել, մենք դա չենք ընդունեւմ: Մենք համարում ենք, որ պիտի թանկ ծախվի միայն այն ապրաքնը, տվյալ դեպքում ցորենը, որը ավելի թանկ է գնվել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG