Մատչելիության հղումներ

Համանախագահները կողմերին կոչ են անում «խստորեն պահպանել հրադադարը»


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (ձախից աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասյեն Երեւանում: Հուլիս, 2010թ.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (ձախից աջ) Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասյեն Երեւանում: Հուլիս, 2010թ.

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային քառօրյա այցից առաջ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել «խստորեն պահպանել հրադադարի մասին համաձայնագրի դրույթները»:

«Սեպտեմբերի 6-ից 10-ը Մինսկի խմբի համանախագահները կլինեն Բաքվում, Երեւանում եւ Լեռնային Ղարաբաղում` քննարկելու այն հավելյալ քայլերը, որ անհրաժեշտ են հրադադարի ռեժիմը ամրապնդելու, բանակցային բոլոր կողմերի մոտ փոխզիջումային ոգու ձեւավորման, ինչպես նաեւ հետագա գործողությունների համար անհրաժեշտ միջոցները վերջնականապես մշակելու նպատակով», - ասված է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որի տեքստը զետեղված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում:

Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ,) Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը նշում են, որ դեկտեմբերի սկզբին` Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովից առաջ, բանակցային պրոցեսը «ավելի ակտիվ է ընթանալու»:

Անդրադառնալով շփման գծում վերջին օրերին տեղի ունեցած ընդհարումներին` համանախագահները նշում են. - «Ակտիվ [բանակցային] ջանքերի այս փուլում բոլոր կողմերին կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարի մասին համաձայնագրի դրույթները, զսպվածություն ցուցաբերել տեղերում, ջանք չխնայել հետագա առաջընթացի համար անհրաժեշտ փոխզիջումների ոգին ամրապնդելու նպատակով»:

Բացի այդ, միջնորդները կողմերին կոչ են անում զերծ մնալ «հրահրիչ հրապարակային հայտարարություններից եւ համոզիչ քաղաքական կամք ցուցաբերել` լուրջ երկխոսության մեջ ներգրավվելով»:

Համանախագահները նաեւ տեղեկացնում են, որ սեպտեմբերի երրորդ շաբաթվա ընթացքում լինելու են նախ Միացյալ Նահանգների մայրաքաղաքում, ապա նաեւ Նյու Յորքում: Այստեղ համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում բանակցելու են կողմերի հետ:

Սեպտեմբերի վերջից հոկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում համանախագահները կվերադառնան տարածաշրջան` Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններում մարդասիրական իրավիճակը գնահատելու նպատակով:

«Այս այցելության ընթացքում համանախագահներին կուղեկցեն բարձր մակարդակի խորհրդատուներ ու փորձագետները, այդ թվում`ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն ներկայացուցչի գրասենյակի մասնագետները: Սա առաջին նման քայլը կլինի այս շրջաններում` 2005 թվականին իրականացված փաստահավաք առաքելության գործունեության ավարտից ի վեր», - նշված է համանախագահների հայտարարության մեջ:

Միջնորդները նաեւ տեղեկացնում են, որ այցելության ավարտին դրա մանրամասները Վիեննայում ներկայացվելու են Մինսկի խմբի անդամ բոլոր պետությունների դիվանագետներին. - «Հետագայում համանախագահները ԵԱՀԿ Մշտական խորհրդի անդամներին կներկայացնեն իրենց գործունեության տարեկան զեկույցը եւ ակտիվորեն կաշխատեն կողմերի հետ` ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթաժողովին ընդառաջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG