Մատչելիության հղումներ

Ադրբեջանի «խոցելի կայունությունը»


Սաբինա Ֆրեյզեր, Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն
Սաբինա Ֆրեյզեր, Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն

Միջազգային ճգնաժամային խումբը պատրաստել է մի նոր զեկույց, որը նվիրված է Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական զարգացումներին։

«Խոցելի կայունություն» վերնագրված վերլուծության համաձայն, եթե Ադրբեջանը շարունակի անտեսել տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը, ապա ձեռքից բաց կթողնի ամուր համակարգ եւ բարգավաճ պետություն ստեղծելու պատմական հնարավորությունը, որն ընձեռել են էներգետիկ ռեսուրսները՝ նավթի եւ գազի պաշարները։

Ըստ վերլուծության, «նավթադոլարների» շնորհիվ նախ եւ առաջ հարստանում է լճացած քաղաքական համակարգը, որը արդյունքում էլ ավելի է ընդդիմանում բարեփոխումներին։ Սակայն տարիների ընթացքում նավթից ստացվող եկամուտն անխուսափելիորեն նվազելու է, ինչը առաջ կբերի տնտեսական նոր խնդիրներ եւ կխթանի բնակչության դժգոհությունը։ Հարցն աստիճանաբար հրատապ է դառնում, սակայն փակ քաղաքական համակարգն ամեն կերպ կանխում է ոչ հեռու ապագայում անխուսափելի մարտահրավերների հանրային անաչառ քննարկումը, ինչի հետեւանքով հասարակության շրջանակներում տարածվում են անտարբերության եւ անվստահության տրամադրությունները։

«Եթե շարունակվի ընտրված կուրսը, որի կարգախոսն է «ոչինչ չփոխել», ապա կարճատեւ հեռանկարում այն, թերեւս, արդյունավետ կթվա, սակայն երկարատեւ ժամանակամիջոցում Ադրբեջանը չի կարողանա պահպանել այդ ուղղությունը», - ասել է Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի ծրագրի տնօրեն Լոուրենս Շիտսը եւ ավելացրել. - «Եթե վարչակազմը ցանկանում է արդարացնել կենսամակարդակի հետագա աճի վերաբերյալ բնակչության սպասելիքները, ապա պարզապես չի կարող գոնե որոշ չափով չբարեփոխել տնտեսական ու նույնիսկ քաղաքական համակարգը»։

Զեկույց.
Կայունություն եւ բարգավաճում ապահովելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է թափանցիկ գործեն եւ ստեղծեն բազմապրոֆիլային` իսկապես շուկայական տնտեսություն։
Զեկույցում ասվում է, որ Իլհամ Ալիեւի նախագահությունը պայմանավորված է քաղաքական կյանքի կայունացմամբ եւ էներգետիկ սեկտորի ապահոված տնտեսական զարգացումով, բայց այդ կայունությունը տրվել է իշխանության ավտորիտար գործելաոճն ամրապնդելու, ազատությունները ոտնահարելու եւ վերնախավում կոռուպցիա ու հովանավորչություն հաստատելու գնով։ Արդյունքում ներքաղաքական անցուդարձը պայմանավորված է ոչ այնքան իշխանություն-ընդդիմություն հարաբերություններով, որքան իշխող վերնախավի ներսում ուժային կենտրոնների միջեւ ազդեցության համար մղած պայքարի մերթ ընդ մերթ սրվող փուլերով։ Այս իրավիճակում եթե ոչինչ չփոխվի` ապագայում հնարավոր են ապակայունացում եւ արմատական դրսեւորումներ։ Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետների համոզմամբ, Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են հասարակությանը հավաքների ազատություն ընձեռել, իրական երկխոսություն սկսել ընդդիմության հետ եւ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին։

«Խոցելի կայունություն» զեկույցի համաձայն, միջազգային համայնքն, իր հերթին, պետք է համոզի Ադրբեջանի ղեկավարներին, որ նրանց իսկ շահից է բխում քաղաքական-տնտեսական կացությունը աստիճանաբար ազատականացնելու անհրաժեշտությունը։ Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրն անպայման պետք է լինի միջազգային հանրության օրակարգում։ Անհրաժեշտ է ամենաուշադիր մոնիտորինգի տակ պահել նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։

«Որքան մոտենում է նավթի ընձեռած եկամուտների անկման մեկնարկը, այնքան հրատապ է դառնում քաղաքականությունը պրագմատիկ կերպով վերանայելու անհրաժեշտությունը», - ասել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը եւ ավելացրել.- «Իշխող ռեժիմի շահերից է բխում` հիմա, երբ այն դեռ կանգնած է ֆինանսական եւ քաղաքական ամուր հիմքի վրա` բացել քաղաքական տարածքը, քայլեր ձեռնարկել կոռուպցիայի եւ տնտեսական մենաշնորհի դեմ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG