Մատչելիության հղումներ

Մի խումբ երիտասարդներ նախաձեռնել են «զբոսանք դեպի Զեմֆիրա»


Զեմֆիրայի երկրպագուները` Դավիթ, Արուսյակ, Լիլիթ, Փիրուզա, Հելենա
Զեմֆիրայի երկրպագուները` Դավիթ, Արուսյակ, Լիլիթ, Փիրուզա, Հելենա

Մեքենայով դեպի Բաթումի, այնտեղից նավով մինչեւ Սոչի, որտեղից էլ գնացքով դեպի Մոսկվա.սեպտեմբերի 17-ին Մոսկվայում կկայանա ռուս երգչուհի Զեմֆիրայի մենահամերգը, որի համար մի խումբ հայ երիտասարդներ պատրաստվում են անցնել նշված ճանապարհը:

«Прогулка к Земфире» կամ «Զբոսանք դեպի Զեմֆիրա», կոչվում է 10 րոպեանոց ֆիլմը, որով երիտասարդները սկսել են երգչուհուն նվիրված իրենց նախագիծը: Գաղափարը 21-ամյա Լիլիթ Մովսիսյանինն է, ով մասնագիտությամբ ռեժիսոր է եւ փորձել է Զեմֆիրա երգչուհու նկատմամբ իր եւ իր ընկերների յուրահատուկ վերաբերմունքը կիսել ֆիլմի ու նախագծի միջոցով: Արդեն նկարահանած փոքրիկ ֆիլմում հերոսները խոսում են ռուս երգչուհու երաժշտության ու պոեզիայի մասին, խոստովանում, որ «դա իրենց երաժշտությունն է»:

Լիլիթին հաջողվել է կապ հաստատել մոսկովյան համերգի կազմակերպիչների հետ, համերգին ներկա գտնվելու թույլտվություն արդեն ստացել են, միակ խնդիրն այս պահին իրենց գծած ճանապարհով Մոսկվա հասնելն է մինչեւ սեպտեմբերի 17-ը:

Հելենը, Դավիթը, Արուսյակը ու նախագծի մյուս մասնակիցները վստահեցնում են, որ սա կուռքին հետապնդելու պատանեկան քայլ չէ, այլ լինելով արվեստին մոտ կանգնած երիտասարդներ` ցանկանում են այլընտրանքային այս նախագծով արտահայտել իրենց զգացմունքները:

Երեւան-Բաթումի-Սոչի-Մոսկվա ճանապարհը պատահական չեն ընտրել, 3 տարբեր փոխադրամիջոցներով պատրաստվում են հասնել իրենց նպատակակետին, որը, պնդում են, որ ինքնանպատակ չէ: Լիլիթը մտադիր է ողջ ճանապարհի ընթացքում «բացել իր հերոսներին, երաժշտության նրանց ընկալումնեը, զգացողությունները»: Արդյունքում այս նախագիծը կամփոփվի վավերագրական ֆիլմում: - «Ուզում եմ ստեղծել ազնիվ ֆիլմ «զիլ» երիտասարդների մասին, մարդկանց մեջ հավատ մտցնել ընկերություն, ազնվություն, ազատություն գաղափարների նկատմամբ», - ասում է Լիլիթը:

XS
SM
MD
LG