Մատչելիության հղումներ

Դմիտրի Մեդվեդեւը ժամանեց Բաքու


Դմիտրի Մեդվեդեւի առաջին պաշտոնական այցը Բաքու, 3-ը հուլիսի, 2008թ.
Դմիտրի Մեդվեդեւի առաջին պաշտոնական այցը Բաքու, 3-ը հուլիսի, 2008թ.

Հինգշաբթի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` տիկնոջ հետ:

Ռուսաստանի նախագահի այցելության պատվին Բաքվի «Գյուլիստան» պալատում Ադրբեջանի նախագահի ու նրա տիկնոջ անունից պաշտոնական ընդունելություն է կազմակերպվել:

Նույն օրը Ռուսաստանի նախագահը հասցրել է այցելել Բաքվի «Շահիդների ծառուղի» ու իր հարգանքի տուրքը մատուցել Ղարաբաղյան պատերազմում զոհված ադրբեջանցիների հիշատակին:

Ինչպես այցի նախօրեին հայտարարել էր Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն, երկու երկրների նախագահները Բաքվում քննարկելու են երկկողմ առեւտրատնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր եւ Ղարաբաղի խնդիրը։ 2009 թվականին ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կազմել է 1.7 միլիարդ դոլար։

Ռուսաստանի նախագահի օգնականի փոխանցմամբ` այցի ընթացքում ստորագրվելու են մի շարք համաձայնագրեր, այդ թվում` ռուս - ադրբեջանական սահմանի մասին պայմանագիրը։ Պրիխոդկոն հավելել է, որ Ռուսաստանն առաջին երկրին է, որի հետ Ադրբեջանը պետական սահմանի մասին պայմանագիր է ստորագրում։

Սա Մեդվեդեւի երկրորդ պաշտոնական այցն է Բաքու` նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո։ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը առաջին պաշտոնական այցը Բաքու կատարել է 2008 թվականի հուլիսին, երբ ստորագրվել է «Բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին» ռուս - ադրբեջանական պայմանագիրը։ Դրանից հետո Ռուսաստանի նախագահը մեկօրյա աշխատանքային այցով Բաքվում եղել է 2009 թվականի հունիսին:

Ընթացիկ այցի շրջանակներում պաշտոնական հանդիպումները նախատեսված են ուրբաթ օրը։ Մեդվեդեւը կայցելի նաեւ Բաքվի պետական համալսարան։

Ռուսաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ եւ ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչներ, այդ թվում` «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ Նախատեսվում է նաեւ, որ այցի ընթացքում կստորագրվի 2011-1012 թվականներին Ռուսաստանին ադրբեջանական բնական գազի մատակարարման ծավալների ավելացման մասին լրացուցիչ պայմանագիր։


«Դժվար այց»


Ռուսաստանցի ու ադրբեջանցի փորձագետների գնահատմամբ, Դմիտրի Մեդվեդեւին դժվար այց է սպասվում, նախատեսված են լարված բանակցություններ Ղարաբաղի հարցով, ինչպես նաեւ ստորագրվելիք նոր փաստաթղթի շուրջ։

Սպասվում է, որ Բաքվում Մեդվեդեւը կանդրադառնա նաեւ երկու շաբաթ առաջ Երեւանում ստորագրված արձանագրությանը` Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգելու եւ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում բազայի գործառույթներն ընդլայնելու վերաբերյալ։

«Մեդվեդեւի այցը Բաքու` կանխարգելիչ այց է, որի նպատակն է թույլ չտալ Ադրբեջանի եւ Արեւմուտքի մերձեցումը», - կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։ «Հնարավոր է, որ Մեդվեդեւը Բաքու է գալիս որոշ խոստումներով, կամ նույնիսկ որոշ խնդիրների լուծումների առաջարկով», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը ասել է քաղաքագետը։

Մոսկվացի քաղաքագետ, «Եվրասիական մեդիա» ընկերության տնօրեն Վարդան Տողանյանը սակայն, այլ կարծիքի է։

«Այցը տեղի է ունենում ռուս - ադրբեջանական հարաբերությունների բավական բարձր մակարդակը պահպանելու համար։ Ես որեւէ անակնկալներ չեմ սպասում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Տողանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG