Մատչելիության հղումներ

Ղարաբաղը նշում է Անկախության տոնը


Լեռնային Ղարաբաղը այսօր նշում է անկախության հռչակման 19-րդ տարեդարձը:

Տոնական միջոցառումները Ղարաբաղում կմեկնարկեն զինվորական շարասյուների քայլերթով, որին կհաջորդեն մի շարք պաշտոնական արարողություններ:

Նախատեսվում են ցուցահանդեսների եւ հուշարձանների բացման արարողություններ, այսօր Ղարաբաղում կմեկնարկի նաեւ «Կարոտ» փառատոնը:

Միջոցառումներին կմասնակցի Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

Ղարաբաղի Անկախության տոնի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հղած շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Արցախի անկախությունը հայոց նորագույն պատմության ամենավառ էջերից է եւ մեր ժողովրդի մեծագույն ձեռքբերումը: Մենք խորն ենք գիտակցում անկախության գինը, որի համար իրենց կյանքով վճարեցին հազարավոր հայորդիներ: Մեր ողջ ժողովրդի պայքարով կերտած քաղաքական ազատությունն այսօր իրողություն է: Ավելին, Լեռնային Ղարաբաղն իր պետական կուռ կառույցով ու պաշտպանության բանակով լուրջ գործոն է տարածաշրջանում: Արցախի ներքին կայունությունը, արցախահայության միակամ ու վճռական կեցվածքը, երկրամասի համակողմանի զարգացումը որեւէ իրատես մարդու մեջ կասկած չեն հարուցում նրա ազատ ու բարգավաճ ապագայի վերաբերյալ: Մենք առաջ ենք շարժվում Հայաստան, Արցախ եւ Սփյուռք եռամիասնությամբ եւ մեր պատմական ընտրությանը հավատարիմ»:

«Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, եւ այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է», - ընդգծում է Սերժ Սարգսյանը եւ հավելում. - «Ինչ վերաբերում է խնդրի լուծման ռազմական ճանապարհին, ապա այդ ուղին, սիրելի արցախցիներ, մենք ձեզ հետ միասին արդեն անցել ենք, եւ այդ տարբերակի արդյունքները բոլորի աչքի առաջ են»:

Ղարաբաղի անկախությունը մինչ օրս պաշտոնապես ճանաչված չէ որեւէ պետության, այդ թվում` Հայաստանի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG