Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի մարտական զորամիավորումները հեռացան Իրաքից


Ամերիկացի զինվորականները պարեկություն են իրականացնում Քիրքուքի փողոցներում, օգոստոս, 2010թ.
Ամերիկացի զինվորականները պարեկություն են իրականացնում Քիրքուքի փողոցներում, օգոստոս, 2010թ.

Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից 7,5 տարի անց Միացյալ Նահանգները այսօր պաշտոնապես կավարտի Իրաքում իր մարտական գործողությունները:

Ամերիկացիներն այսօր կդիտեն Սպիտակ տնից հեռարձակվող նախագահ Բարաք Օբամայի հեռոեւստաուղերձը,որի ընթացքում, ինչպես ակնկալվում է, ռազմական գործողությունների ավարտն ազդարարող ընդհանուր խոսքերից ու ձեւակերպումներից բացի, նախագահ Օբաման նաեւ կներկայացնի Իրաքի կայունությանն ուղված ամերիկյան վարչակազմի հետագա ծրագրերը:

Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը բազմիցս է դեմ արտահայտվել Իրաքում ամերիկյան զորքերի ռազմական ներկայությանը, եւ 2008-ին՝ նախագահական քարոզարշավի ժամանակ, իր ընտրողներին խոստացել է, որ «վերջ կդնի պատերազմին»:

Ազդարարելով մարտական գործողությունների ավարտը՝ ամերիկացիները, այնուամենայնիվ, շարունակում են մնալ Իրաքում։ Ամերիկյան ռազմական վերջին ստորաբաժանումները Իրաքը կլքեն միայն 2011-ի վերջին. Երկրի տարածքում կմնան մոտ 50 հազար զինվորականներ, որոնք, ինչպես ծրագրվում է, պետք է օգնեն իրաքցի զինվորների մարտունակության բարձրացման գործին:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, թե ամերիկյան ռազմական ստորաբաժանումները կմասնակցեն մարտական գործողություններին միմիայն Իրաքի իշխանությունների պահանջի դեպքում:

Իրաք -- Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի (աջից) հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենի հետ, Բաղդադ, 31-ը օգոստոսի, 2010թ.
«Իրաքի ազատությունը» անվանումը ստացած ամերիկյան ռազմական օպերացիայի ավարտը պաշտոնապես ազդարարելու համար այսօր Իրաք է ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը: Նա Իրաքի բարձրագույն ղեկավարության հետ միասին կմասնակցի նաեւ ռազմական շքերթին: Սպասվում է, որ Իրաքի քաղաքական ուժերի հետ հանդիպման ժամանակ Բայդենը նրանց կոչ կանի միավորվել կոալիցիոն կառավարություն կազմելու գաղափարի շուրջ:

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին, դիմելով ժողովրդին, այսօր ասել է, որ այսուհետ Իրաքը անկախ եւ ինքնիշխան պետություն է։ Այդուհանդերձ, «Ռոյթերզ» գործակալության հետ զրույցում իրաքցիները կարծիք են հայտնել,որ «ամերիկացիների այսօրվա գնալ-չգնալը որեւէ նշանակություն չունի, քանի որ իրենց ապագան դեռ հստակ չի երեւում»:

Տարբեր ժամանակներում Իրաքում ռազմական օպերացիային մասնակցել են ընդհանուր առմամբ 49 երկրներ։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ իրաքյան պատերազմի ընթացքում կոալիցիոն ուժերի մարդկային կորուստները կազմել են 4700 հոգի։

Իրաքցիների շրջանում զոհերի տարբեր թվեր են հաղորդվում՝100-ից մինչեւ 300 հազար:

Հայ խաղաղապահների առաքելությունն Իրաքում


Լեհական հրամանատարության ներքո՝ բազմազգ դիվիզիայի կազմում, Իրաքում պաշտպանական եւ մարդասիրական ծառայություն են անցկացրել նաեւ հայ խաղաղապահները:

Հայ խաղաղապահները Իրաքում ծառայեցին մոտ 3 տարի՝ 2005-ից 2008 թվականներին։

Հետպատերազմյան Իրաքի վերականգնման գործընթացի շրջանակներում հայկական գումարտակի կազմում եղել էին բժիշկներ, վարորդներ ու սակրավորներ:

Խաղաղապահ առաքելության ամբողջ ընթացքում զոհեր չեղան, սակայն ծանր վիրավորվեց մեկ սպա՝ Գեորգի Նալբանդյանը, ում ոտքը ավելի ուշ անդամահատվեց: Ոտքի անդամահատությունից հետո սպան շարունակում է ծառայությունը խաղաղապահ բրիգադում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG