Մատչելիության հղումներ

Շոգ եղանակը կպահպանվի եւս մեկ շաբաթ


Նորակառույց Հյուսիսային պողոտան Երեւանում:
Նորակառույց Հյուսիսային պողոտան Երեւանում:

Հայաստանում, հատկապես Արարատյան դաշտում ու Երեւանում շոգ եղանակը, ըստ «Հայպետհիդրոմետ»-ի, կպահպանվի եւս մեկ շաբաթ:

«Ջերմաստիճանը Արարատյան դաշտում 36 աստիճանը չի գերազանցի», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց «Հայպետհիդրոմետ»-ի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը` հավելելով. - «Մինչեւ առաջիկա 5 օրերի համար եմ ասում: Դրանից հետո` արդեն ամսի 7-ից սպասվում է ջերմաստիճանի նվազում»:

Ավարտվող ամառը, նրա խոսքով, շոգ էր, բայց ոչ բացառիկ շոգ. եթե այս տարի օդի միջին ջերմաստիճանը ամռան ընթացքում նորմայից բարձր է եղել 1-3 աստիճանով, ապա 2006 թվականին, օրինակ, նորմայից բարձր է եղել 4-5 աստիճանով:

Հարցին, թե եղանակի նման շեղումները կապված են արդյոք մայրաքաղաքի անմխիթար էկոլոգիական իրավիճակի հետ, Պետրոսյանը արձագանքեց. - «Միանշանակ: Էկոլոգիան է նաեւ որոշում եղանակը: Երեւանի շոգ եղանակը ինչ-որ չափով ուժգնացել է բուսականության բացակայության եւ համատարած ասֆալտապատման արդյունքում»:

«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանը ավելի կոշտ էր իր ձեւակերպումներում. վերջին տարիներին, նրա խոսքով, Երեւանը «դադարել է գործել որպես կենդանի օրգանիզմ, քանի որ խախտվել են ինքնամարքրման մեխանիզմները»:

«Մենք խնդիր ունենք, որ քաղաքը իսկական տեր ունենա: Վերջին 10-15 տարվա ընթացքում մենք ունենում ենք բազմաթիվ քաղաքապետներ, որոնք գալիս են եւ դաժան ձեւով են վերաբերվում մեր քաղաքի նկատմամբ` փակում են ջրային ռեսուրսները, փակում են անօրինական ձեւով: Փակել են Գետառը, Հրազդանի ձորը դարձրել են շինարարական զոնա: Մեր այգիները անօրինական վերածում են շինարարական տարածքի: Ինչ որ կատարվում է` կատարվում է օրենքից դուրս եւ օրենքին հակառակ», - հայտարարեց Զարաֆյանը:

«Թրանսփարենսի Ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի շրջակա միջավայրի քաղաքականության փորձագետ Սոնա Այվազյանը համոզված է, որ բնապահպանների ու քաղաքացիների պայքարը «քիչ արդյունավետ է», քանի որ անօրինական կառուցապատումը եւ կանաչ տարածքների ոչնչացումը հովանավորվում է տարբեր պաշտոնյաների կողմից:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG