Մատչելիության հղումներ

Հատուկ քննչականը հերքում է Աշոտ Հարությունյանի հայտարարությունը


Հատուկ քննչական ծառայությունը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան հերքեց Վահան Խալաֆյանի մահվան գործով դատական վերջին նիստի ընթացքում գործով գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի հայտարարությունը¸ որ նախաքննական մարմինը փորձել է իր հետ գործարքի մեջ մտնել, մասնավորապես` առաջարկել է իր ղեկավարների դեմ ցուցմունքներ տալ, ինչից Հարությունյանը հրաժարվել է:

«Իր ղեկավարների դեմ ցուցմունք տալու առաջարկության վերաբերյալ Աշոտ Հարությունյանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում. դրանով նա ուղղակի նպատակ է հետապնդում զերծ մնալ քրեական պատասխանատվությունից կամ խուսափել ավելի խիստ պատիժ նախատեսող հոդվածի սանկցիայով դատապարտվելուց», - ասված է Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունում:

Քննչական մարմինը վստահեցնում է նաեւ, որ «ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի կողմից գողության կասկածանքով բերման ենթարկված Վահան Խալաֆյանի նկատմամբ բռնություն կիրառելու եւ դրա հետեւանքով վերջինիս` ինքնասպանություն գործելու, նույն բաժնի քրեական հետախուզության օպերլիազոր Մորես Հայրապետյանի, Գագիկ Ղազարյանի եւ Գարիկ Դավթյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու` Աշոտ Հարությունյանի գործողությունները չկանխելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը կատարվել է քրեադատավարական նորմերի պահանջներին համապատասխան»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG