Մատչելիության հղումներ

Դաշնակցությունն աջակցում է ռուսական ռազմակայանի մասին պայմանագրի փոփոխություններին


ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը համարում է, որ Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրում կատարված փոփոխությունները թելադրված էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացի ձախողմամբ:

«Հայ-թուրքական հարաբերությունների ըստ էության ձախողված գործընթացը այն, ինչ մենք ուզում էինք, դրա հակառակն առաջացրեց. իբր թե պետք է պատերազմի վտանգը պակասեցներ… Ճիշտ հակառակը` պատերազմի վտանգը այսօր աճել է», - լրագրողների հետ հանդիպմանը երեքշաբթի օրը ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգայի ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանը` շարունակելով. - «Երկրորդ կարեւոր հարցը. ասում էինք, որ իբր թե թուրք-ադրբեջանական շահերի ինչ-որ բախում առաջացնենք, հակասություն առաջացնենք, այդ տանդեմը խզենք` մեր դիրքերը կամրապնդվեն բանակցային գործընթացում: Տեղի ունեցավ ճիշտ հակառակը` ավելի ամրապնդվեց այդ տանդեմը, եւ որոշել են արդեն բազաներ տեղադրել հենց Նախիջեւանում»:

Ռուստամյանի համոզմամբ, այդ ամենով առաջացրեցինք մեզ համար շատ ավելի վտանգավոր իրավիճակ. - «Եվ ինչ-որ տեղ այս քայլը [ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխությունները] թելադրված է հենց դրանով: Իսկապես այդ տանդեմի հզորացումը լուրջ վտանգ է Հայաստանի համար»:

Դաշնակցությունը դրական է համարում Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման եւ դրա լիազորությունների ընդլայնման մասին արձանագրությունը, որով ռուսաստանյան ռազմակայանը մինչեւ 2044 թվականը պարտավորվում է նաեւ ապահովել Հայաստանի անվտանգությունը:

Ռուստամյանը հայտարարեց, որ Հայաստանի անվտանգությունը մեծապես կախված է Ռուսաստանից, եւ «Հայաստանը այս առումով այլընտրանք չունի»:

«Որեւէ մեկի համար երեւի գաղտնիք չէ, որ ռազմական անվտանգության 80 տոկոսից շատ ավելին պայմանավորված է այսօր Ռուսաստանի հետ հարաբերություններով», - փաստարկեց նա:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի նախագծին` Ռուստամյանը տեղեկացրեց, որ Դաշնակցությունն արդեն հրահանգել է Հայ դատի բոլոր կառույցներին` լոբբիստական աշխատանք սկսել բոլոր երկրների հետ, որպեսզի կանխեն այդ բանաձեւի ընդունումը:

Նրա խոսքով, ի պատասխան Ադրբեջանի նման քայլերի, Հայաստանը պետք է նախաձեռնի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթաց, ինչպես դա արվում է Ցեղասպանության ճանաչման հետ կապված: Եվ դրա համար Հայաստանն ու Ղարաբաղը, Ռուստամյանի խոսքով, պետք է կնքեն «ռազմաքաղաքական դաշինք», որտեղ հստակ կասվի, որ
Հայաստանը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի «անկախության եւ անվտանգության երաշխավորը»:

«Հավատացեք, սա ոչ պակաս կարեւոր թեզ է միջազգային նշանակության առումով, որքան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հարցը», - պնդեց նա:

Իսկ Հայաստանի իշխանությունները, Ռուստամյանի կարծիքով, առայժմ անում են «վախվորած քայլեր»: Արվում են հայտարարություններ, որոնք «ներքին օգտագործման համար են», մինչդեռ անհրաժեշտ են քայլեր, որոնք ազդեցություն կունենան դրսում:
Արդարության եւ ազատության պակասը դրսեւորվում է ամեն քայլափոխում:


Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը քննադատեց նաեւ իշխանությունների վարած ներքին քաղաքականությունը` ընդգծելով, որ գլխավոր խնդիրը «արդարության եւ ազատության պակասն է»:

«Արդարության եւ ազատության պակասը դրսեւորվում է ամեն քայլափոխում: Այն աստիճանի, որ մենք երկու տեսակի պետություն ենք ստեղծել. մեկը փոքրամասնության պետությունը, որը ապրում է այդ պետության արտոնություններից օգտվելով, ինչ-որ տեղ նաեւ շրջանցելով… Անունը օլիգարխ կդնենք, թե ինչ կդնենք` այդ խավը գոյություն ունի եւ պետությունը օգտագործում է իր անձնական շահերի համար: Եվ կա մեծամասնության պետություն, որտեղ այդ մեծամասնությունը մատնված է բախտի քմահաճույքին. մեկը արտագաղթի ճանապարհն է բռնում, մյուսը հիասթափվում, մի կողմ է քաշվում եւ այլն, եւ այլն», - դասակարգեց նա` հավելելով, որ Դաշնակցությունը, ուստի, ցանկանում է ընտրությունների միջոցով ձեւավորել նոր իշխանություն, որը երկրի զարգացումը «չի կապի զիջումների հետ», եւ «ի վիճակի կլինի ձեւավորել ժողովրդավարական պետություն»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG