Մատչելիության հղումներ

Մեդվեդեւի Բաքու կատարելիք այցը մեկնաբանում են Ադրբեջանում եւ Հայաստանում


Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները փոխանակում են ստորագրված երկկողմ փաստաթղթերը, Բաքու, 29-ը հունիսի, 2009թ.
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները փոխանակում են ստորագրված երկկողմ փաստաթղթերը, Բաքու, 29-ը հունիսի, 2009թ.
Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումից հետո պաշտոնական Մոսկվան անհանգստացած է Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններից եւ հնարավոր պատասխան քայլերից: Այս մասին ասաց ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը` «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Բաքու կատարելիք առաջիկա այցին:

Հիշեցնելով, որ Մեդվեդեւի Հայաստան այցի նախօրեին պաշտոնական Բաքուն հյուրընկալեց իր ռազմավարական գործընկերոջը` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին, Մուսաբեկովը հավելեց. - «Մեդվեդեւի Ադրբեջան այցը, ի դեպ, ի սկզբանե նախատեսված էր սեպտեմբերի վերջին, բայց, հավանաբար, Ռուսաստանում հասկացան, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի 9-ին մեկնարկող նստաշրջանում ադրբեջանական կողմը բանաձեւ է ներկայացնելու, այս շրջանակներում ադրբեջանցի ղեկավարները պետք է հանդիպեն


ամերիկացիների հետ, այսինքն` Ադրբեջանը հասկացնում է, որ երես է թեքում Ռուսաստանից, եւ Մեդվեդեւի Բաքու կատարելիք այցը արագ տեղափոխվեց սեպտեմբերի 2-ին»:

«Հայկական կողմին Ռուսաստանի աջակցությունը կարող է բացասաբար անդրադառնալ ռուս - ադրբեջանական հարաբերությունների վրա», - նշեց ադրբեջանցի քաղաքագետը: - «Կարծում եմ, Ռուսաստանն ինքն իրեն հաշիվ է տալիս, որ Հայաստանին իր բացահայտ աջակցությունը հանգեցնում է նրան, որ հայկական կողմը չի ցանկանում համաձայնել Մադրիդյան առաջարկվող սկզբունքներին եւ դուրս բերել զորքերը գրավյալ տարածքներից: Մեդվեդեւի այցի ընթացքում ադրբեջանական կողմը, թերեւս, կփորձի ինքն իր համար պարզել` արդյո՞ք Ռուսաստանի դիրքորոշումը, վերջին հաշվով, ուղղված է գոյություն ունեցող ստատուս քվոյի պահպանմանը»:

«Եթե Ադրբեջանին չբավարարեն Սերժ Սարգսյանի հետ Դմիտրի Մեդվեդեւի վերջին բանակցությունները եւ Ղարաբաղյան հարցում Ռուսաստանի դիրքորոշումը, ապա լրիվ հնարավոր է, որ Բաքուն սկսի փնտրել այլ տարբերակներ` կարող է հարցը վերադարձնել Անվտանգության խորհրդի օրակարգ կամ ԵԱՀԿ-ի գագաթնաժողովում անվստահություն հայտնել Մինսկի խմբին», - կարծում է Ռասիմ Մուսաբեկովը:

Հայաստանցի քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհամաձայնեց Մուսաբեկովի մեկնաբանություններին: Նրա կարծիքով, Ռուսաստանը չի անհանգստանում Ադրբեջանի քայլերից, այլ ցանկանում է Ադրբեջանը պահել իր ազդեցության տիրույթում: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ներկայացնելիք բանաձեւը եթե նույնիսկ ընդունվի էլ, ապա, ըստ քաղաքագետի, պրոպագանդիստական բնույթ է կրելու եւ արագ մոռացվելու է:

Իսկ ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին անվստահություն հայտնելուն, ապա, ընդգծեց հայաստանցի քաղաքագետը, «եթե նմանատիպ քայլեր փորձի ձեռնարկել` ինքը ոչ միայն Ռուսաստանի, այլ նաեւ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության դեմ դուրս կգա»: «Ես համոզված չեմ, որ մեծ տերությունները թույլ տան, որ Ադրբեջանը փորձի դուրս գալ Մինսկի խմբի շրջանակներից», - ամփոփեց Սերգեյ Մինասյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG