Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի մարտական զորամիավորումները հեռացան Իրաքից


Ամերիկացի զինվորականները պարեկություն են իրականացնում Քիրքուքի փողոցներում, օգոստոս, 2010թ.
Ամերիկացի զինվորականները պարեկություն են իրականացնում Քիրքուքի փողոցներում, օգոստոս, 2010թ.

Երեքշաբթի օրը լրանում է Իրաքից ամերիկյան մարտական ստորաբաժանումները դուրս բերելու ժամկետը։

NBC հեռուստակայանին օգոստոսի 29-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման գոհունակություն է հայտնել Իրաքում զարգացումների ընթացքի առիթով։

«Կա բռնությունների նվազման հստակ միտում։ Նույնիսկ այն բանից հետո, երբ մենք դուրս ենք բերել մեր ուժերը քաղաքներից, հետզհետե ավելի քիչ թվով բռնություններ են տեղի ունեցել», - ասել է նախագահ Օբաման եւ ավելացրել. - «Իրաքյան անվտանգության ուժերը գործում են առնվազն այնքան լավ, որքան մենք էինք ակնկալում, գուցեեւ սպասվածից ավելի լավ»։

Դեռ որպես նախագահի թեկնածու` Բարաք Օբաման հավաստիացրել էր, որ ջանք չի խնայի Իրաքյան պատերազմն ավարտելու համար։ 2009 թվականի փետրվարի 27-ն Հյուսիսային Կարոլինայում գտնվող Լեջյունի ռազմակայանում նախագահը տեղեկացրել էր ռազմավարությունը վերանայելու եւ հսկողությունն աստիճանաբար իրաքյան կողմին փոխանցելու ծրագրի մասին եւ հայտարարել, որ մարտական ուժերը դուրս կբերվեն մինչեւ 2010 թվականի օգոստոսի 31-ը։


Երեքշաբթի օրը նախագահ Օբաման հանդես է գալու Իրաքյան պատերազմին նվիրված հատուկ հեռուստաուղերձով։ Նա մտադիր է Տեխասի նահանգի Ֆորթ Բլիս ռազմակայանում հանդիպել Իրաքից վերադարձած զինծառայողների հետ։

Իրաքի տարածքում կմնան շուրջ 50 հազար ամերիկացի զինծառայողներ, ովքեր մարտական գործողություններին չեն մասնակցելու։ Նրանց խնդիրը կլինի աջակցել եւ վարժեցնել իրաքցի զինծառայողներին։

Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ բռնությունների թիվն Իրաքում իսկապես նվազել է, սակայն իրավիճակը, միեւնույն է, չափազանց անկայուն է։ Բարաք Օբամայի ընդդիմախոսները, մասնավորապես` հանրապետական քաղաքական գործիչները վաղաժամ եւ վտանգավոր են համարում մարտական ջոկատները դուրս բերելու որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG