Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյանը Համբուրգում էլ երգեց Ցեղասպանության մասին


Սերժ Թանկյանի համերգը Համբուրգում, 24-ը օգոստոսի, 2010թ.
Սերժ Թանկյանի համերգը Համբուրգում, 24-ը օգոստոսի, 2010թ.
Սերժ Թանկյանին ռոք աշխարհում ըմբոստ են համարում։ Տարիներ շարունակ նա ընթանում է «մեյնսթրիմի»` հիմնական հոսանքի դեմ, դատապարտում մոլորակի մեծամեծերի փարիսեցիությունը, երկերեսանիությունը:

Արվեստի աշխարհում Սերժ Թանկյանը իր հիմնադրած System of a Down խմբի երաժիշտներից զատ համագործակցել է նաեւ իր պես անկախ եւ ապստամբ ստեղծագործողների` Արտո Թունջբոյաջյանի, Black Sabbath-ի համահիմնադիր եւ կիթառահար Թոմի Այոմիի, Nirvana եւ Foo Fighters խմբից Դեյվ Գրոլի, Rage Against the Machine խմբից Թոմ Մորելոյի եւ բազմաթիվ բացառիկ այլ երգահանների հետ:

Օգոստոսի 24-ին Սերժ Թանկյանի երկրպագուների մի մեծ բանակ հազիվ էր խցկվել Համբուրգի Altona թաղամասում գտնվող Grosse Freiheit համերգասրահ, որի անունը` «Մեծ Ազատություն», այդ երեկո կարծես լրացուցիչ իմաստ էր ստացել։ Ի դեպ, Altona թաղամասում են իրենց կարիերան սկսել լիվերպուլցի դեռահասները, որոնք աշխարհին հայտնի են The Beatles անունով։ Այստեղ են ելույթներ ունեցել 1960-ականների սկզբին ռոքը հիմնադրած այլ աստղեր:

Օգոստոսի 24-ին Grosse Freiheit համերգասրահ էին եկել ալեհեր հիփիներն ու նրանց թոռները, եկել էին ոչ միայն Համբուրգից, այլեւ հարեւան մեծ ու փոքր ավաններից եւ նույնիսկ մայրաքաղաք Բեռլինից։ Մեծ մասը` գերմանացիներ, բայց կային նաեւ հույներ, ռուսներ, ամերիկացիներ եւ, իհարկե, հայեր:

Ինչպես եւ Երեւանում, Համբուրգում էլ Սերժ Թանկյանի համերգը բացեց Visa խումբը, որի երգերում նկատելի է հունական, հայկական, միջերկրական, գնչուական, լատինական եւ բալկանյան մեղեդիների ազդեցությունը:

Visa-ի համերգին հաջորդած կարճատեւ ընդմիջման ընթացքում դահլիճը անվերջ վանկարկում էր` «Սե'րժ, Սե'րժ, Սե'րժ»։

Սերժ Թանկյանը Համբուրգում կատարեց երգեր Elect the Dead եւ Imperfect Harmonies սկավառակներից։ Թանկյանին իր խմբից բացի նվագակցում էին նաեւ Չեխիայի պետական սիմֆոնիկ նվագախմբի 8 երաժիշտներ:

Սերժ Թանկյանը համերգների ընթացքում միշտ խոսում է երկրպագուների հետ։ Դահլիճը դա գիտեր եւ սպասում էր։ Երկրպագուների սպասելիքներն իրականացան. Սերժը` չխուսափելով ոչ նորմատիվ բառապաշարից, ռադիկալ հայտարարությունների կրակահերթ արձակեց ԱՄՆ-ի, Եվրոպայի ու, երեւի թե, աշխարհի բոլոր մնացած կառավարությունների վրա` նրանց մեղադրելով պատերազմների, բռնությունների եւ անարդարությունների համար:

Դահլիճում գտնվող հայերը հպարտությամբ էին դիտում, թե ինչպես են մոլորակի թիվ մեկ աստղերի ելույթները վայելած գերմանացի երկրպագուները խենթության աստիճանի հասած երգում Սերժի հետ, ոմանք փորձում էին բարձրանալ բեմ եւ ետ մղվում անվտանգության աշխատակցի կողմից:

Եթե Թանկյանը չկատարեր ցեղասպանության մասին նոր երգը, դա կհամարվեր շատ նորմալ բիզնես որոշում. ի վերջո, երգիչը պետք է հաշվի առնի դահլիճի նախասիրությունները։ Բայց շոու բիզնեսի կանոնները չընդունող երգիչը կատարեց այդ երգը։ «Սա հայերեն երբեւէ գրած իմ առաջին երգն է, երգի անունն է «Այո, դա ցեղասպանություն էր», - այսպես ներկայացրեց նա իր ստեղծագործությունը երկրպագուներին:

Արեւելյան եւ Արեւմտյան Եվրոպա, մի քանի օրից էլ Սերժ Թանկյանը կշարունակի հյուրախաղերը Հյուսիսային Ամերիկայում։ Ամենուր նա կատարում է այդ երգը, որը տեղ կգտնի սեպտեմբերի 21-ին թողարկվելիք Imperfect Harmonies սկավառակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG