Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Հայաստանի հետ սահմանը նույնիսկ ժամանակավորապես չի բացվի»


Ահմեդ Դավութօղլու
Ահմեդ Դավութօղլու

«Նույնիսկ ժամանակավորապես Հայաստանի հետ սահմանը չի բացվի», - հինգշաբթի օրը թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Թուրքական արտգործնախարարության ղեկավարը կտրականապես հերքել է ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկությունները, թե սեպտեմբերին` Հայաստանում մեկնարկող ՆԱՏՕ-ի զորավարժությունների օրերին, պաշտոնական Անկարան կարող է ժամանակավորապես բացել սահմանը:

«Այդ զորավարժությունները զուտ մարդասիրական բնույթ ունեն, դրանք նվիրված են արտակարգ իրավիճակների դիմակայմանը: Որպես Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետություն` Թուրքիան, իհարկե, կմասնակցի այդ զորավարժություններին: Ավելի վաղ, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցներին ես արդեն ասել էի` սահմանի բացման հարցը չի էլ քննարկվում: Հարկ է խուսափել անիմաստ լուրեր տարածելուց», - նշել է Դավութօղլուն:

Օգոստոսի 16-ին Բաքու ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը խուսափել էր հստակ պատասխան տալ հայ - թուրքական սահմանի ժամանակավոր բացման հավանականությանը վերաբերող հարցին: Հետագայում Թուրքիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը չբացառեց սահմանի ժամանակավոր բացման հավանականությունը` պնդելով, թե հակառակ պարագայում Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունները տապալման եզրին կհայտնվեն:

Անկարայից հնչող այս հայտարարություններին հետեւեց Բաքվի կտրուկ արձագանքը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, մասնավորապես, APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. - «Հայաստանի հետ սահմանի բացումը անգամ մեկ ժամով, ինչ ձեւով էլ դա իրականացվի, կարող է խիստ բացասաբար անդրադառնալ թուրք - ադրբեջանական հարաբերությունների վրա: Այսօր արեւմտյան որոշ պետություններ օգտվում են այս հարմար առիթից, որպեսզի ստիպեն Թուրքիային բացել սահմանը: Հույս ունենք, որ Թուրքիան հաջողությամբ կդիմակայի այս փորձությանը»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG