Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը պատասխանել է Հայաստանի իրավապաշտպանների նամակին


Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ լրագրողների հետ հանդիպմանը, Երեւան, 5-ը հուլիսի, 2010թ.
Հիլարի Քլինթոնը ելույթ է ունենում Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ լրագրողների հետ հանդիպմանը, Երեւան, 5-ը հուլիսի, 2010թ.
Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեքշաբթի օրը պատասխանել է Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան կազմակերպությունների նամակին, որով վերջիններս դիմել էին իրեն` Երեւան կատարած այցի ժամանակ:

Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան 9 անդամ-կազմակերպությունները հուլիսի 5-ին Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ նրան հանձնած այդ նամակում 5 կետերից բաղկացած մտահոգություններ էին հայտնել 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների, ընդդիմության ներկայացուցիչների բանտարկությունների, ոստիկանությունում տեղի ունեցող սպանությունների, ինչպես նաեւ լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերալ՝ ԱՄՆ-ին կոչ անելով ազդել Հայաստանի իշխող վարչակազմի վրա եւ օգնել Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու հանրությանը լուծել վերոհիշյալ խնդիրները:

ԱՄՆ-ի պետքարտուղարը, պատասխանելով նամակին, նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի կառավարության եւ ժողովրդի հետ աշխատելու իր հանձնառությանն` ուղղված տարածաշրջանում ընդհանուր նպատակների ամրապնդմանը, որոնք ներառում են խաղաղությունը, կայունությունը, ժողովրդավարությունը եւ տնտեսական բարգավաճումը:

«Միացյալ Նահանգները հավատացած է, որ այն նույն արժեքները, որ ծնունդ են տվել մեր պետությանը` որպես բաց ու ակտիվ ժողովրդավարության, ուր անսասան է հարգանքը մարդու իրավունքների, այդ թվում հստակ հանձնառությունը մամուլի ազատության ապահովման հանդեպ, ազատ եւ ծաղկուն հասարակության հիմքն են կազմում եւ հույժ կարեւոր են Հայաստանի ապագայի համար: Մենք պաշտպանում ենք այդ արժեքները եւ կշարունակենք մեր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն այդ արժեքների Հայաստանում եւ ողջ աշխարհում», - վստահեցնում է Հիլարի Քլինթոնը իր նամակում:

Իրավապաշտպանները ԱՄՆ-ի պետքարտուղարի պատասխանը ընդհանուր առմամբ գնահատում են՝ «գոհացնող, բայց ընդհանրական ու դիվանագիտական պատասխան»:

«Համենայնդեպս, ես չեմ ակնկալել, որ յուրաքանչյուր հարցի շատ կոնկրետ պատասխան է տալու», - մեկնաբանելով ստացված պատասխանը՝ «Ազատություն» ռադիոկայանին ասաց Քլինթոնին հանձնված նամակի տակ ստորագրած կազմակերպություններից մեկի՝ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը։

ԱՄՆ-ի պետքարտուղարին ուղղված նամակի հեղինակներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը գտնում է, որ թեեւ պատասխանը դիվանագիտական է, բայց սոսկ պատասխան չէ:

«Արձագանքը մեր նամակին արդեն իսկ վկայում է այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության հաստատման բնագավառում մենք աջակցություն ունենք», - նշում է Սաքունցը՝ ընդգծելով, որ Քլինթոնի պատասխանը կզգաստացնի Հայաստանի իշխանություններին. - «Նրանք հաշվի կնստեն այն հանգամանքի հետ, որ իրավապաշտպան կազմակերպությունների գործունեությունը այս նամակով աջակցություն է ստացել ԱՄՆ կողմից», - նշում է իրավապաշտպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG