Մատչելիության հղումներ

Վրաստանում 58 տոկոսով կրճատվել են արտասահմանյան ներդրումները


Վրաստանում 2009 թվականին գրեթե 58 տոկոսով կրճատվել են արտասահմանյան ներդրումները՝ նախորդ տարվա համեմատ։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հիմնվելով Վրաստանի վիճակագրական ծառայության հրապարակած վերջնական ամփոփիչ տվյալների վրա։

Ըստ այդմ՝ 2009-ին Վրաստանում արտասահմանյան ներդրումները կազմել են 658 միլիոն 400 հազար դոլար, իսկ 2008 թվականին արտասահմանից ավելի քան մեկ միլիարդ 563 միլիոն դոլարի ներդրում էր կատարվել։ Ամենախոշոր արտասահմանյան ներդրողը 2009 թվականին Արաբական Միացյալ Էմիրություններն է, որը Վրաստանում 162 միլիոն 800 հազար դոլար ներդրում է կատարել։ Խոշոր ներդրումներ կատարած երկրների թվում են Թուրքիան, Պանաման, Մեծ Բրիտանիան։

Արտասահմանյան ներդրումների մեծ մասը Վրաստանում կատարվել է անշարժ գույքի բիզնեսում՝ հասնելով 147,4 միլիոն դոլարի։ Երկրորդը արդյունաբերության ոլորտն է, այստեղ ներդրվել է 139 միլիոն դոլար։

Օգոստոսի սկզբին Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նիկա Գիլաուրին ասել է, թե 2008 թվականին Ռուսաստանի հետ ընդամենը 5 օր տեւած պատերազմի հետեւանքով Վրաստանի տնտեսությունը 1 միլիարդ դոլարի վնաս էր կրել, պլանավորված շատ ծրագրեր չեղյալ էին համարվել, ներդրողներին վախեցրել էր անկայուն իրավիճակը։

Նախարարը նշել էր, թե պատերազմի հետեւանքով կրած տնտեսական կորուստները Վրաստանը ակնկալում է վերականգնել չորս տարի հետո միայն։

Ինչ վերաբերում է միջազգային օգնությանը, Գիլաուրին ասել է, թե Վրաստանին 4 միլիարդ 500 միլիոն դոլարի օգնություն է ցուցաբերվում, որից 1 միլիարդը՝ ԱՄՆ-ի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG