Այս տարվա փետրվարին վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտնել էր, որ նոր «Կարմիր գրքում» կլինեն փոփոխություններ։ Վերջին անգամ այն հրապարակվել է 2005 թվականին։
«Կարմիր գիրքը» ժամանակ առ ժամանակ խմբագրվում է։ Դրանում հիշատակվում են Թուրքիայի անվտանգության համար սպառնալիք համարվող թե' երկրները եւ թե' կազմակերպությունները, մասնավորապես` իսլամական արմատական խմբավորումները, անջատողական, ձախակողմյան եւ հեղափոխական կառույցները։
Milliyet պարբերականի փոխանցմամբ` հոկտեմբերին հրապարակվելիք գրքում կարձանագրվեն ամենաէական փոփոխությունները «սառը պատերազմից» հետո։ Մասնավորապես, ենթադրվում է սպառնալիքների ցանկից հանել Ռուսաստանը, Հունաստանը, Իրանը եւ Իրաքը, որոնց հետ պաշտոնական Անկարան վերջին տարիներին ակտիվորեն համագործակցում է։
«Կարմիր գրքի» նախորդ հրատարակություններում Ռուսաստանը սպառնալիք է համարվել, քանի որ դիտվել է որպես կոմունիստական երկրի` Խորհրդային Միության իրավաժառանգորդը։
Ադրբեջանական աղբյուրները նշել են, թե ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի եւ Միացյալ Նահանգների հսկողության տակ գտնվող Իրաքի նկատմամբ պաշտոնական Անկարայի վերաբերմունքի փոփոխությունը միանգամայն բնականոն է, սակայն վիճելի է սպառնալիքների ցանկից Իրանը եւ Ռուսաստանը հանելու որոշումը, որովհետեւ Իրանը տարաձայնություններ ունի ՆԱՏՕ-ի անդամ գրեթե բոլոր երկրների հետ, իսկ Ռուսաստանը Գյումրիում ունի ռազմական հենակետ, որը միանշանակ ուղղված է Թուրքիայի դեմ։
Այդ կապակցությամբ «Ադրբեջանի բիզնեսի կենտրոն» տեղեկատվական կայքէջը նշել է, որ պատմության ընթացքում տեղի են ունեցել ռուս - թուրքական բազմաթիվ պատերազմներ։
Թուրքիան խմբագրելու է «Կարմիր գիրքը», որը պատրաստում է Զինված ուժերի գլխավոր շտաբը եւ հաստատում է Ազգային անվտանգության խորհուրդը։
Ուղիղ հեռարձակում