Մատչելիության հղումներ

Ծխելու տեսարանները հոլիվուդյան ֆիլմերում պակասում են


Վերջին ուսումնասիրությունների համաձայն` ծխելու տեսարանները Հոլիվուդում նկարահանվող ֆիլմերում անընդհատ պակասում են, տեղեկացնում է Associated Press-ը:

Գործակալության փոխանցմամբ` անցած տարի էկրաններ բարձրացած հանրահայտ 145 ֆիլմերի մեծ մասում ծխելու տեսարաններն ընդհանրապես բացակայել են, մյուսներում էլ նվազել են` համեմատած, օրինակ, 2005 թվականի ցուցանիշների հետ: Անցած տարվա ֆիլմերում հերոսները 1935 անգամ են ծխել` 2005-ի 4000-ի դիմաց. սա վերջին երկու տասնամյակների ընթացքում ռեկորդային ցուցանիշ է համարում ուսումնասիրություններն անցկացրած Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկողության ամերիկյան կենտրոնը:

Գիտնականները ուսումնասիրել եւ համեմատել են 1991-ից մինչեւ 2009 թվականը ընկած ժամանակահատվածում ամենամեծ շահույթները ապահոված հոլիվուդյան ֆիլմերը:

«Ուրախալի է այն հանգամանքը, որ կադրերում կրճատման միտումը նկատելի է», - ուսումնասիրության առիթով հայտարարել է կենտրոնի ներկայացուցիչ Ուրսուլա Բաուերը:

Սակայն, գիտնականի կարծիքով, գործընթացը դեռեւս չի կարելի բավականաչափ նպատակաուղղված համարել:

Associated Press-ի փոխանցմամբ, ուսումնասիրության հեղինակները կոչ են արել Ամերիկյան կինոակադեմիային` ծխախոտը ներառել կինեմատոգրաֆում «արգելված միջոցների» շարքում:

Գիտնականները համոզված են, որ ծխելու տեսարաններ պարունակող յուրաքանչյուր ֆիլմ պետք է ուղեկցվի ծխելու վնասներն ի հայտ բերող համապատասխան սոցիալական գովազդով:

«Հոլիվուդը կարող է նկարահանել այնպիսի ֆիլմեր, որտեղ կբացակայեն ծխելու տեսարանները, եւ մարդիկ կգնան դրանք դիտելու», - հայտարարել է ուսումնասիրության հեղինակներից Սթեն Գլանցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG