Մատչելիության հղումներ

Հաղպատի նախկին գյուղապետը գրավի դիմաց ազատ է արձակվել


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է Հաղպատի նախկին գյուղապետ Ռուբիկ Վարոսյանի խափանման միջոցը եւ նրան ազատ արձակել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։

Վարոսյանը մեղադրվում է համայնքապետարանի վարչական շենքի նորոգման, ոռոգման ջրագծի կառուցման եւ աղբահանության աշխատանքների կատարման պետական միջոցներից 5 մլն դրամից ավելի գումարի յուրացման մեջ: 2008-ի վերջին նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Մեկ տարի անց նախկին գյուղապետը կալանավորվեց ու յոթ ամիս անցկացրեց Վանաձորի քրեակատարողական հիմնարկում:

Անցած շաբաթ Վարոսյանը Վանաձորի քրեակատարողական հիմնարկից զանգահարել էր «Ազատություն» ռադիոկայան՝ բողոքելով նախաքննական մարմնի անգործությունից ու իրեն անհարկի յոթ ամիս կալանավայրում պահելուց: Վարոսյանն ասել էր, որ անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պնդելով ազատ արձակել իրեն:

«Ես անմեղ եմ՝ ոչ մի յուրացում էլ չկա», - ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց նախկին գյուղապետը:

Նախկին գյուղապետը եւ նրա փաստաբանը՝ Ժորա Վարոսյանը, չգիտեն, թե անցած յոթ ամսում փաստաբանի մի քանի միջնորդությունները մերժելուց հետո դատարանը ինչո՞ւ հանկարծ որոշեց գրավի դիմաց ազատ արձակել նախկին գյուղապետին: Փաստաբան Վարոսյանն ու նախկին գյուղապետ Վարոսյանը չեն էլ իմացել, որ դատարանն այս շաբաթասկզբին նիստ է հրավիրել ու որոշում կայացրել փոխելու խափանման միջոցը: Փաստաբանը հնարավոր է համարում, որ նախկին գյուղապետի հրապարակային բողոքն ազդեց դատարանի որոշման վրա:

Նախկին գյուղապետի շահերի պաշտպանը բողոքում է, թե անցած յոթ ամսում Վարոսյանի նկատմամբ քննչական գործողություններ չեն իրականացվել։ Մնալով բանտում՝ Ռուբիկ Վարոսյանը երբեւէ չի հարցաքննվել:

«Վարոսյանի կալանքի ժամկետներն անհարկի երկարաձգել են: Իսկ քննիչը նրան չի հարցաքննել՝ պատճառաբանելով, թե անցկացվող փորձաքննություններից հետո կսկսի հարցաքննությունը»,- ասում է նախկին գյուղապետի փաստաբանը՝ պնդելով, թե իր պաշտպանյալին, փաստորեն, անհարկի են պահել կալանքի տակ։

Հաղպատի նախկին գյուղապետին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում: Մինչդեռ նրա պաշտպանը դատարանից պահանջելու է արդարացնել նրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG