Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի փորձագետները` հայ - ռուսական նորացված պայմանագրի մասին


Ադրբեջանցի փորձագետների կարծիքով` հայ - ռուսական նորացված պայմանագրի ստորագրումը է'լ ավելի կսրի իրավիճակը Հարավային Կովկասում` միաժամանակ ամրապնդելով տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերը:

Բաքվեցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի համոզմամբ` Ռուսաստանը չպետք է գնար նման համաձայնագրի ստորագրման:
Ուզեիր Ջաֆարով


«Կասկած չկա, որ այս փաստաթուղթը սրելու է իրավիճակը տարածաշրջանում, եւ Ռուսաստանին` որպես Մինսկի խմբի համանախագահ պետության, պատիվ չի բերում նման պայմանագրի ստորագրումը: Մյուս կողմից, չեմ կարծում, որ Հայաստանի հարեւաններից որեւէ մեկին` լինի դա Ադրբեջանը, Թուրքիան կամ Վրաստանը, Ռուսաստանը կարողանա անհանգստություն պատճառել իր այս քայլով: Ամեն դեպքում, իմ կարծիքով, այս փաստաթուղթն ավելի շատ Հայաստանին է անհրաժեշտ, քան Ռուսաստանին», - նշեց Ջաֆարովը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում:

Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի համոզմամբ էլ` թիվ 5 արձանագրության ստորագումից ռուս - հայկական ռազմական համագործակցության էությունը լուրջ փոփոխությունների չի ենթարկվի:

«Առանց այս համաձայնագրի էլ Ռուսաստանը Հայաստանին մեկուկես միլիարդի զենք ու զինամթերք փոխանցեց: Պարզապես, ամենաբարձր մակարդակում որոշեցին, որ Հայաստանին հարկավոր է ռազմական օգնություն ցուցաբերել: Այս համաձայնագիրն ավելի շուտ Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ քաղաքական միասնության յուրատեսակ ցուցադրություն է», - ասաց Ալիզադեն` հավելելով. -
Զարդուշտ Ալիզադե
«Ինչ վերաբերում է ադրբեջանական հանրությանը, ապա այն այս պայմանագրի ստորագրմանը հանգիստ է վերաբերվում: Բայց եթե փաստերով խոսենք, ապա, մի կողմից, ռուսները Հայաստանին զինամթերք են տրամադրում, ինչն էլ նպաստում է Ղարաբաղյան հակամարտության երկարաձգմանը, մյուս կողմից էլ` Ռուսաստանը Ադրբեջանին կարծես ստիպում է իր նավթա-գազային եկամուտները ծախսել ռուսական զենք գնելու համար»:

«Նայեք C-300 համալիրների շուրջ ծավալված զարգացումներին: Հայաստանում կան այդ համալիրները, հիմա էլ մենք ենք գնում: Մեծ հաշվով, սակայն, մեր ինչի՞ն է դա պետք: Իրականում, եթե հակամարտությունը չլիներ, մենք ստիպված չէին լինի ռուսներին 300 միլիոն դոլար վճարել այդ մետաղի ջարդոնի համար` կարիք չէր լինի», - ընդգծեց Ալիզադեն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Իսկ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի կարծիքով` C-300-ի ձեռք բերումը «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»:

Խոսելով գործարքի մասին` Ջաֆարովը նշեց. - «Եթե մենք C-300 ենք գնում, դա չի նշանակում, թե վախենում ենք Հայաստանի հարձակումից: Առավել եւս, որ ես լայնածավալ պատերազմի վտանգ այսօր չեմ տեսնում: Կարող են լինել լոկալ ընդհարումներ, բայց ո'չ Ադրբեջանը եւ ո'չ էլ Հայաստանը ռազմական գործողությունների չեն պատրաստվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG