Մատչելիության հղումներ

Ռուսական ավիաընկերությունը Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ ուղիղ չվերթներ կիրականացնի


Վրացական Georgian Airways ավիաընկերության օդանավը չարտերային թռիչքից հետո վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, 24-ը մայիսի, 2010թ.
Վրացական Georgian Airways ավիաընկերության օդանավը չարտերային թռիչքից հետո վայրէջք է կատարել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, 24-ը մայիսի, 2010թ.

2008 թվականի օգոստոսյան պատերազմից ի վեր առաջին անգամ ռուսական ավիաընկերությունը ուղիղ չվերթներ կիրականացնի Մոսկվայից Թբիլիսի:

Ռուսական «Սիբիր» ավիաընկերությունը վրացական իշխանություններին համապատասխան խնդրանքով դիմել էր հուլիսին: Օգոստոսի 23-ից արդեն ընկերությունը կսկսի երկու մայրաքաղաքների միջեւ չվերթներ իրականացնել: Դրանք, սակայն, ոչ թե կանոնավոր, այլ չարտերային թռիչքներ են լինելու, քանի որ Ռուսաստանի ավիացիոն պետական գործակալությունը «Սիբիր»-ին թույլատրել է այդ չվերթներն իրականացնել մինչեւ հոկտեմբերի 25-ը միայն` շաբաթական երեք անգամ:

Ավիաընկերության թբիլիսյան գրասենյակի ներկայացուցիչը «Նովոստի - Գրուզիա» գործակալությանը հայտնել է, որ սպասվող չվերթների մասին լուրը հրապարակելուց մի քանի ժամ անց արդեն տոմսերի մեծ մասը սպառվել է: «Չեմ կարող ասել, որ բոլոր տոմսերն ենք վաճառել, բայց պահանջարկը շատ մեծ է», - նշել է նա:

Թբիլիսիում, սակայն, նկատում են, որ տոմսերի գինը սպասվածից ավելի բարձր է:

«Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայությանը «Սիբիր»-ի մամուլի խոսնակ Իրինա Կոլեսնիկովան ասել է. - «Ամենաէժան գինն այն ժամանակ է, երբ տոմսը գնում եք ինտերնետով: Ընդհանուր առմամբ, տարբեր գնային առաջարկներ ունենք, սակայն բնական է, որ նախ եւ առաջ սպառվում են էժան տոմսերը»:

Վրացական աղբյուրները հաղորդում են, որ «Սիբիր» ավիաընկերությունը Մոսկվա - Թբիլիսի - Մոսկվա չվերթի տոմսերի նվազագույն գին է սահմանել 706 լարին (մոտ 400 դոլար), այն դեպքում, երբ հայկական ընկերության կողմից իրականացվող Թբիլիսի - Երեւան - Մոսկվա տարանցիկ չվերթի տոմսերի նվազագույն գինը ընդամենը 470 լարի է:

«Սիբիր» ավիըանկերության խոսնակը հիշեցնում է. - «Մինչեւ 2008 թվականը մենք չվերթներ էինք իրականացնում վրացական երեք քաղաքներ` Թբիլիսի, Քութաիսի եւ Բաթումի: Շաբաթական երեք, երբեմն չորս չվերթ ունեինք ամեն քաղաք»:

Ռուսական աղբյուրները չեն բացառում, որ «Սիբիր»-ը կարող է դիմել վրացական իշխանություններին` դեպի Բաթումի եւ Քութաիսի չվերթներ իրականացնելու թույլտվություն ստանալու խնդրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG