Մատչելիության հղումներ

Մեկ տարի առաջ Վրաստանը դադարեց լինել ԱՊՀ-ի անդամ


Վրաստանի զինանշանը եւ դրոշը երկրի կառավարության շենքում
Վրաստանի զինանշանը եւ դրոշը երկրի կառավարության շենքում

2008 թվականի կարճատեւ պատերազմից հետո Վրաստանը հայտարարել էր ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մասին։ Ընթացակարգով դրա համար հատկացված էր ճիշտ մեկ տարի։

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն այս շաբաթասկզբին ասել է, թե երկիրը սոցիալական պայթյունի եզրին է։ «Բնակչության 50 տոկոսը գործազուրկ է, եթե հույսի նշույլ ի հայտ չգա, ապա կարող է ապստամբություն տեղի ունենալ», - հայտարարել է 2003 թվականի «վարդերի հեղափոխության» արդյունքում գահընկեց արված նախագահը։

Մինչդեռ, Մոսկվայի պետական համալսարանին առընթեր նախկին խորհրդային տարածքի հետազոտության կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Կարավաեւն ասել է, թե ԱՊՀ-ի կազմից Վրաստանի դուրս գալն ընդհանուր առմամբ մեծ նշանակություն չի ունեցել։ «Արդեն 2008-ին Վրաստանը կարողացել է նույն ԱՊՀ-ի երկրների մեծ մասի հետ համագործակցությունը տեղափոխել երկկողմ հարթության վրա, ուստի ԱՊՀ-ից դուրս գալով` Վրաստանը գործնականում ոչինչ չի կորցրել»,- ասել է Կարավաեւը։

Ի դեպ, դուրս գալով ԱՊՀ-ից` Վրաստանը, այնուամենայնիվ, չի կասեցրել իր մասնակցությունը ԱՊՀ-ի շրջանակներում կնքված ավելի քան 75 միջազգային պայմանագրերին։

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության մեկնաբան Դավիթ Չագանավայի փոխանցմամբ` առեւտրի բնագավառում անցած տարում էական փոփոխություն չի գրանցվել. Վրաստանի թիվ մեկ գործընկերը Թուրքիան է, երկրորդ տեղում Ադրբեջանն է, երրորդն Ուկրաինան է, չորրորդը` Միացյալ Նահանգները եւ հինգերորդը` Ռուսաստանը։ Առաջին տասնյակում են մի շարք եվրոպական պետություններ, ինչպես նաեւ Հայաստանը։

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչ, ներկայումս նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդի կարծիքով` անցած տարին ցույց է տալիս, որ Վրաստանը միանգամայն կարող էր գոյատեւել առանց ԱՊՀ-ի


«Ակնհայտ է, որ մենք սովորեցինք ինքնուրույն ապրել, ակնհայտ է, որ Վրաստանը կարողացավ գտնել նոր շուկաներ, ակնհայտ է, որ Վրաստանի տնտեսությունն այս երկու տարում աճել է 4.5 տոկոսով։ Իհարկե, լավ կլիներ, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ լինեին ավելի բնականոն, բայց բոլորովին Վրաստանի մեղքով չի ընդունվել ԱՊՀ-ից դուրս գալու որոշումը», - ասել է Վան Բայբուրդը եւ ավելացրել. - «Եկեք տեսեք Վրաստանի նոր զբոսավայրերը, ճանապարհները, հյուրանոցները։ Վրաստանը գինու շուկաներ է գտել ե'ւ Եվրոպայում, ե'ւ Ամերիկայում։ Այնպես չեղավ, ինչպես մի երկրում էին պատկերացնում, թե եթե արգելեն վրացական ապրանքի ներմուծումը, Վրաստանի կտապալվի։ Ո'չ»։

Վերլուծաբանները նշում են, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորստից զատ` կա եւս մեկ ցավոտ հանգամանք, որը բխում է ռուս - վրացական հարաբերությունների վատթարացումից. դա վիզային ռեժիմն է, որը բազում դժվարություններ է բերել թե' գործարարներին եւ թե' շարքային մարդկանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG