Մատչելիության հղումներ

Ստեփանակերտի դպրոցներում մտցվում է միասնական համազգեստ


Լեռնային Ղարաբաղի կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ, Ստեփանակերտի 12 դպրոցների տարրական (1-4-րդ) դասարանների աշակերտները սեպտեմբերի 1-ից պետք է կրեն միասնական համազգեստ, որն արժե 45 հազար դրամ:

Ընդ որում` Թուրքիայից ներմուծված համազգեստը վաճառվում է միայն մեկ խանութում, որը պատկանում է Լեռնային Ղարաբաղի նախկին փոխվարչապետ, գործարար Յուրի Ղազարյանի ընտանիքին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է ընտրվել ներկրողը, մասնավորապես, ինչու մրցույթ չի հայտարարվել, Կրթության եւ գիտության փոխնախարար Սլավա Ասրյանը արձագանքեց. - «Ես քանի որ իրազեկված չեմ, այդ հարցին չեմ կարող պատասխանել»:

Ասրյանը, սակայն, փոխանցեց, որ համազգեստի կրումը պարտադիր է լինելու. - «Համազգեստի խնդիրը վաղուց է քննարկման առարկա դարձել: Այն, որ դա իրոք անհրաժեշտ է, մենք բոլորս ընդունում ենք: Կրթության եւ գիտության նախարարությունը նախաձեռնել է, որ անցում կատարվի միասնական դպրոցական համազգեստին: Նպատակահարմար ենք գտել սկսել տարրական օղակից»:

Նախարարության կողմից փաստորեն պարտադրվող թուրքական արտադրության հագուստը բաղկացած է սպորտային կոստյումից, ջինսե տաբատից (աղջիկների համար` կիսաշրջազգեստից), անդրավարտիքից, ձմեռային սվիտերից եւ փողկապից:

Ներկրվել է 3000 այդպիսի փաթեթ:

Տարրական դասարանների աշակերտների ծնողների շրջանում նախարարության որոշումը դժգոհություն է առաջացրել:

«Երեք երեխա ունեմ: 45 հազար արժե մեկ համազգեստը: Ես 80 հազար փող եմ ստանում… Ո՞նց հագցնեմ… Միայն 150 հազար պիտի տամ, շոր առնեմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մի կին` շարունակելով. - «Ես չեմ ասում հրաժարվում եմ. թող լինի 15 հազարի, 20 հազարի սահմանում` կառնեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG