Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ». «Բելառուսը կարող է դառնալ ՎՈւԱՄ-ի անդամ»


ՎՈւԱՄ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստը Թբիլիսիում, 9-ը նոյեմբերի, 2009թ.
ՎՈւԱՄ-ի Խորհրդարանական վեհաժողովի նիստը Թբիլիսիում, 9-ը նոյեմբերի, 2009թ.

«Մինսկի եւ Մոսկվայի միջեւ խորացող դիվանագիտական ճգնաժամի ֆոնին ակտիվանում են Վրաստանի իշխանությունները», - պնդում են ռուսական աղբյուրները:

Մոսկովյան ամենահեղինակավոր պարբերականներից մեկը` «Կոմերսանտ»-ը գրում է, որ առաջիկայում Բելառուսի իշխանություններին առաջարկվելու է մաս կազմել ՎՈւԱՄ դաշինքին: Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան միավորող այս դաշինքը ստեղծվել է 1999 թվականին եւ գոյության ողջ ընթացքում ռուսական քաղաքական շրջանակների կողմից ընկալվում է որպես յուրատեսակ հակակշիռ ԱՊՀ-ի կառույցներին:

Ըստ ռուսական լրատվամիջոցների` Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին եւ պաշտոնական այցով Վրաստան ժամանած Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Միխայ Գիմպուն դաշինքին Բելառուսի հնարավոր անդամակցության մասին բանակցել են այս շաբաթասկզբին:

Երկու պետությունների ղեկավարները երկուշաբթի օրը այցելել են Աբխազիայի հետ սահմանին գտնվող Անակլիայի երիտասարդական ճամբար, որտեղ հանգստանում էին մի քանի տասնյակ բելառուս եւ մոլդովացի երիտասարդներ: Դիմելով երիտասարդներին` Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է. - «Բելառուսի հետ մենք պարզապես ցնցող հարաբերություններ ունենք»: Վրաստանի նախագահը ասել է նաեւ, թե բելառուսների ու վրացիների միջեւ բազմաթիվ ընդհանրություններ կան:

Վրաց - բելառուսական հարաբերությունների ջերմացումը սկիզբ առավ նախագահներ Լուկաշենկոյի եւ Սահակաշվիլիի` Ղրիմում կայացած հանդիպումից հետո: Այժմ արդեն դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Միխեիլ Սահակաշվիլին իր բելառուս գործընկերոջը պաշտոնապես հրավիրել է Վրաստան: Լուկաշենկոն, ըստ «Կոմերսանտ»-ի, հյուրընկալվելու է երիտասարդական նույն ճամբարում, որտեղ հանդիպել են Սահակաշվիլին եւ Գիմպուն:

Վրացական կողմը առայժմ չի մեկնաբանում Բելառուսի հնարավոր անդամակցությունը ՎՈւԱՄ դաշինքին: Վրաց դիվանագետները հայտարարել են. - «Դա նուրբ խնդիր է, որի վերաբերյալ վաղաժամ մեկնաբանություններ հնչեցնելու կարիք չկա»:

Թե ինչ ընտրություն կկատարի պաշտոնական Մինսկը` ըստ ամենայնի, պարզ կդառնա սեպտեմբերին, երբ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպեն ՎՈւԱՄ-ի անդամ պետությունների արտգործնախարարները: Այդ հանդիպումից հետո կհստակեցվեն դաշինքի հերթական գագաթնաժողովի ժամկետը եւ մասնակիցների հստակ կազմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG