Մատչելիության հղումներ

Փորձագետ. «Հայաստանը շղթայված է ռուսական շղթայով»


Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը մերձմոսկովյան Գորկիում, 10-ը ապրիլի, 2010թ.
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը մերձմոսկովյան Գորկիում, 10-ը ապրիլի, 2010թ.

«Հայաստանը մնացել է Ռուսաստանի համար միակ ֆորպոստը, եւ, բնականաբար, ռուսները ցանկանում են հնարավորինս երկարացնել եւ հնարավորինս ամրացնել իրենց ներկայությունը Հայաստանում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանը:

Մեկնաբանելով Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի սպասվող երկարաձգումը 49 տարով` փորձագետը ընդգծեց. - «Անդրկովկասում, մասնավորապես` Հայաստանում, խաղի կանոնները թելադրում է Ռուսաստանը, հետեւաբար` կարող ենք ենթադրել, որ այդ ցանկությունը եկել է ռուսական կողմից: Մանավանդ որ դա բխում է, առաջին հերթին, ռուսական շահերից, որովհետեւ ռուսական ռազմակայանը Հայաստանում, առաջին հերթին, պաշտպանում է ռուսական շահը եւ ոչ թե հայկական շահը»:

«Այդ [1995 թվականին ստորագրված պայմանագրով նախատեսված] ժամկետի ավարտին 10 տարի դեռ կա, ինչը, իմ կարծիքով, փոփոխվող այս աշխարհում քիչ ժամանակ չէ, այսինքն` կարելի էր եւս որոշ ժամանակ սպասել, որովհետեւ մենք չգիտենք` տարածաշրջանային ինչ փոփոխություններ կլինեն, եւ, հետեւաբար, իմ համար մի քիչ անհասկանալի է 49 տարի դարձնելը: Կարծում եմ, որ անիմաստ էր այդքան երկարացնել, որովհետեւ 10 տարում շատ բան կարող է փոխվել: Ի վերջո, 10 տարին նաեւ այն ժամանակն է, երբ կործանվում են կայսրություններ եւ այլն», - նշեց Թաթուլ Հակոբյանը:

«Անկեղծ ասած, այդ 49 տարին ինձ տանում է 19-րդ դար` 19-րդ դարի վերջեր, երբ կար Բրիտանական կայսրությունը եւ տարբեր իր գաղութների հետ կնքում էր մինչեւ 99 տարով ինչ-որ պայմանագրեր», - շեշտեց փորձագետը:

Հարցին, թե «այդ դեպքում ո՞րն էր նպատակը, Ռուսաստանը ինչ-որ մտավախություննե՞ր ուներ, որ 10 տարի հետո կարող է Հայաստանում իշխանությունների այնպիսի փոփոխություն լինի, ովքեր չեն ցանկանա այլեւս իր հետ նման պայմանագիր կնքել», փորձագետը արձագանքեց. - «Միանշանակ, այդպիսի մտահոգություն ռուսական կողմը եթե ունի` արդարացված է, որովհետեւ երբ դուք նայում եք Մոսկվայից` ռուսական շահի տեսանկյունից այս ամենին, այս տարածաշրջանում միակ երկիրը մնացել է Հայաստանը, որը, այսպես ասեմ` շղթայված է ռուսական շղթայով` տնտեսապես, քաղաքականապես, ռազմական ոլորտում եւ ամենակարեւորը` հոգեբանորեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG