Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ». «Բելառուսի նախագահը կարող է չմասնակցել երեւանյան հանդիպմանը»


Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները Միութենական պետության Գերագույն խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 9-ը դեկտեմբերի, 2009թ.
Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները Միութենական պետության Գերագույն խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 9-ը դեկտեմբերի, 2009թ.
«Դաշնակից երկրներ համարվող Բելառուսի եւ Ռուսաստանի հարաբերությունները հասել են տագնապալից աստիճանի», - պնդում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը եւ ընդգծում. - «Դիվանագիտական աղբյուրների վկայությամբ, Հայաստանում` ՀԱՊԿ-ի երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում, Մեդվեդեւը Լուկաշենկայի հետ երկկողմ հանդիպում չի ունենալու։ Չի բացառվում, որ Բելառուսի նախագահը հրաժարվի Երեւան կատարելիք այցից, ինչպես մեկ տարի առաջ բոյկոտեց նմանատիպ միջոցառումը Մոսկվայում»։

Դաշնակից երկրների հարաբերություններում վերջին լարվածությունը ի հայտ եկավ հատկապես Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ Ալեքսանդր Լուկաշենկայի միջեւ կայացած դեմ առ դեմ հանդիպումից, ինչպես նաեւ բելառուսական հեռուստատեսությանը Սահակաշվիլիի տված հարցազրույցից հետո։ Ինչպես եւ նախկինում, այս անգամ էլ Սահակաշվիլին բացահայտ քննադատել էր պաշտոնական Կրեմլի քաղաքականությունը եւ երախտագիտություն հայտնել Բելառուսի նախագահին` Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչման հարցում հավասարակշիռ դիրքորոշում որդեգրելու համար։

Սահակաշվիլիի այդ հարցազրույցից կարճ ժամանակ անց, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, թե դեռեւս երկու տարի առաջ Լուկաշենկան հրապարակավ` ԱՊՀ-ի երկրների ղեկավարների ներկայությամբ, խոստացել է ամենամոտ ապագայում ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը։

Լուկաշենկան հերքեց Մեդվեդեւի տարածած տեղեկությունը` վերջինիս մեղադրելով «անբարեխղճության» մեջ։

«Չէի ուզենա բանավեճ ծավալել այդ թեմայի շուրջ, սակայն իմ ռուս գործընկերը անբարեխղճորեն է մոտենում որոշ հարցերի։ Ես նրան ասել եմ. Բելառուսի համար Աբխազիայի եւ Հարավային Օսիան ճանաչումը խնդիր չէ , սակայն թվարկել եմ նաեւ այն խնդիրները, որոնք կկանգնեն դրանից հետո Բելառուսի առջեւ` Միացյալ Նահանգների, Եվրոպայի եւ ԱՊՀ-ի երկրների հետ հարաբերություններում», - ասել է Բելառուսի նախագահը եւ ընդգծել. - «Երբ ես խնդրեցի Ռուսաստանի օգնությունը, պարզվեց` Կրեմլը ունակ չէ կամ չի ուզում հարթել այն հետեւանքները, որոնց կարող է բախվել Բելառուսը` երկու անջատված շրջանները ճանաչելու դեպքում»։

«Եթե Ռուսաստանը ընդառաջ քայլեր աներ, հավանաբար, իրավիճակը այլ կլիներ», - անցած շաբաթավերջին հայտարարել էր Բելառուսի նախագահն ու խորհուրդ տվել ռուս գործընկերոջը մինչեւ վերջ բացահայտել իրականությունը։

Պաշտոնական Կրեմլի պատասխանը չուշացավ. Լուկաշենկայի հայտարարություններից կարճ ժամանակ անց Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն սպառնաց հրապարակել «տեղի ունեցած խոսակցության սղագրությունը, ինչպես նաեւ Լուկաշենկայի մի շարք այլ արտահայտություններ, որոնք հետաքրքիր կլինեն ինչպես Բելառուսի, այնպես էլ միջազգային հանրության համար»։

«Տեղի կունենա դա, թե ոչ` ակնհայտ է, որ երկու դաշնակից երկրների հարաբերությունները արդեն հասել են տագնապալից աստիճանի», - գրում է «Կոմերսանտ»-ը եւ հավելում. - «Ռուս - բելառուսական հարաբերություններում առկա լուրջ լարվածության մասին է վկայում նաեւ այն փաստը, որ այժմ համատեղ պետության գծով բոլոր ինտեգրացիոն գործընթացները սառեցվել են, իսկ սահմանադրական ակտի մշակումն ու միասնական արժույթի որդեգրումը` ընդհանրապես դուրս եկել քննարկումների օրակարգից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG