Մատչելիության հղումներ

Ասկար Ակաեւը զրկվել է անձեռնմխելիությունից


Ղրղըզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւը զրկվել է անձեռնմխելի կարգավիճակից:

Համապատասխան հրամանագրում, որը այսօր ստորագրել է երկրի ղեկավար Ռոզա Օտունբաեւան, ասված է, թե «Ասկար Ակաեւը առանձնապես ծանր հանցագործություն կատարելու ճանապարհով, որն արտահայտվել է խաղաղ բնակչության դեմ հրազենային մարտական զենք կիրառելու թույլտվությամբ, բուն ղրղըզական հողերը Չինաստանին, Ղազախստանին փոխանցելով, ազգային հարստության ոչնչացմամբ, այսպես կոչված ժողովրդական հանրաքվեների միջոցով պետական իշխանության յուրացմամբ, դուրս է եկել օրինականության շրջանակներից»:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` վկայակոչելով ղրղըզական աղբյուրները, Ակաեւը զրկվել է նաեւ նախկին նախագահի կարգավիճակից, եւ Ղրղըզստանի գլխավոր դատախազությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցները` նրան քրեական պատասխանատվության ենթարկելու եւ էքստրադիցիայի ենթարկելու համար:

«Ղրղըզստանի առաջին նախագահ» տիտղոսից երկրի խորհրդարանը Ակաեւին զրկել է դեռ 2005 թվականի գարնանը` ընդունելով «կակաչների հեղափոխության» արդյունքում նրա ներկայացրած հրաժարականը:

Այդ իրադարձություններից հետո Ակաեւը ընտանիքով ապրում է Մոսկվայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG