Մատչելիության հղումներ

Գիտնականները բացահայտում են հումորի գաղտնիքը


Ապրիլմեկյան շքերթ Կիեւում, արխիվային լուսանկար
Ապրիլմեկյան շքերթ Կիեւում, արխիվային լուսանկար

Ի՞նչն է մարդուն ստիպում ծիծաղել, երբ նրան անեկդոտ են պատմում։ Ո՞րն է կատակի ուժը։ Ավստրիացի գիտնական, հոգեվերլուծության հայր Զիգմունդ Ֆրոյդը համոզված էր, որ այն անհամատեղելիության եւ գերազանցության զգացմունքի մեջ է, գրող Մարկ Տվենի համոզմամբ` հումորի բուն աղբյուրը ոչ թե ուրախությունը, այլ տխրությունն է։

Daily Telegraph բրիտանական պարբերականը հայտնել է ամերիկացի գիտնականների նոր աշխատության մասին, որի համաձայն` մարդիկ ծիծաղելի են համարում այն իրադարձությունը, որը հակասում է ընդունված բարոյական նորմերին, բայց իր էությամբ անմեղ է։

Հետազոտության համար Կոլորադոյի համալսարանի հոգեվերլուծաբանները մի խումբ կամավորների խնդրել են մասնակցել թատերականացված ներկայացումների։ Առաջին սցենարի մի տարբերակով` խոզի մսից նրբերշիկ արտադրող ամերիկյան ընկերությունը իր արտադրանքը գովազդելու համար վարձել է հրեա հոգեւորականի, մյուս տարբերակով` նույն ապրանքը գովազդել է ֆերմերը։ Մարդիկ ավելի ծիծաղելի են համարել ռաբբիի կողմից նրբերշիկ գովազդելը, որովհետեւ դրանում կա ընդունված կանոնի խախտում` չէ որ ուղղադավան հրեաները խոզի միս չեն ուտում։

Երկրորդ սցենարով եկեղեցական համայնքը եւ վարկային կազմակերպությունը միասին կազմակերպել են վիճակախաղ, որի մրցանակը ավտոմեքենա էր։ Եկեղեցու եւ վիճակախաղի համատեղումը նույնպես հակասում է բարոյականության նորմերին, սակայն այն հարցվածները, ովքեր մոլի հավատացյալ չէին, ներկայացումը ծիծաղելի են համարել։

Փորձագետները միանշանակ չեն գնահատում Կոլորադոյի համալսարանի գիտնականների այդ հետազատությունը։ Գրող Ջայլս Բրանդրեթի համոզմամբ` հումորի էությունը շատ ավելի բարդ է։ Դրանում կան բազում գործոններ` դաժանություն, զարմանք, հնարամտություն։ «Անձամբ ես համաձայն եմ չինական առածի հետ, ըստ որի` «չկա ավելի հաճելի բան, քան տեսնել, թե ինչպես է ընկերդ տանիքից գլորվում ներքեւ»,- ասել է գրողը։

Կատակերգու Ջոն Բիշոփը, մինչդեռ, ընդունում է Կոլորադոյի գիտնականների եզրակացությունը։ Նրա կարծիքով` հումորը նման է ճաքած ապակու միջով աշխարհը դիտելուն։ «Այդպես դուք կյանքը փոքր-ինչ այլ կերպ եք տեսնում։ Տարբերությունն աննշան է, բայց երբ այն շատ է ընդգծվում, տեսածը դառնում է գռեհիկ, վիրավորական եւ այլեւս ոչ ծիծաղելի»,- ասել է կատակերգուն։

Հետազոտության հեղինակներից Փիթեր ՄըքԳրաուն ասել է, թե հետազոտությունը եւս մեկ անգամ հաստատում է, որ հումորը դժվար է արտահանել։ «Չես կարող գտնել որեւէ կատակերգություն, որն ընդունելի կլինի տարբեր մշակույթների կողմից, որովհետեւ ժողովուրդները յուրովի են գնահատում չարն ու բարին, ընդունված կանոնները խախտելու անմեղության աստիճանն էլ երկրից երկիր փոխվում է»,- ասել է ՄըքԳրաուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG