Մատչելիության հղումներ

Բարբարոսական արարք Գլենդեյլի Սուրբ Մարիամ հայկական եկեղեցու դեմ


Գլենդեյլի Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցու դեմ բարբարոսություն է կատարվել. Գլենդեյլի 23-ամյա մի բնակիչ մուրճով ջարդել, ոչնչացրել է եկեղեցու բակում տեղադրված խաչքարի վրայի Սուրբ Մարիամի քանդակը։ Վայրագությունը կատարած անձը քիչ անց ձերբակալվել է։ Նրան սպառնում է վանդալիզմ կատարելու մեղադրանք։

Այս մասին գրում է Glendale News Press-ը` վկայակոչելով Գլենդեյլի ոստիկանությունը։

Ոստիկանության սերժանտ Թոմ Լորենզը ասել է, որ վայրագության համար ձերբակալվածը ազգությամբ հրեա Վիկտոր Պետրեսկուն է։ Նա ոստիկանությանն ասել է, թե ինքը հրեա է, ու Աստվածաշնչում ասվում է, որ պետք է ոչնչացնել սուրբ սյուները։

Այս գործողությունը չի որակվել որպես ատելության դրդապատճառներով կատարված հանցագործություն, քանի որ քննիչները ուսումնասիրում են Պետրեսկուի հոգեկան վիճակը, հայտնել է սերժանտ Լորենզը։

Պետրեսկուն չորեքշաբթի օրը փոխել է իր նախնական ցուցմունքը` ասելով, թե ինքը քրիստոնյա է։

Եկեղեցու հոգեւորական Արտակ Դեմիրջյանը հայտնել է, որ եկեղեցու սպասավորներն ու այդ պահին եկեղեցում գտնվող հավատացյալները տեսել են նրան ու փորձել արգելել, բայց նա ոչինչ չի պատասխանել ու բարձրացնելով ծանր մուրճը` հարվածել է քանդակին։

Դեմիրջյանը պատմել է, որ երբ ձայն են տվել նրան, Պետրեսկուն շրջվել է ու ցույց տվել ծանր մուրճը, ուստի իրենք նահանջել են։

Խաչքարը տեղադրվել էր ավելի քան 10 տարի առաջ ու նվիրված էր հայերի կողմից քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին։

Եկեղեցու սպասավորները մտածում են փշրված քանդակը վերականգնելու հնարավորության մասին։ Սերժանտ Լորենզն ասել է, որ այս վայրագությամբ եկեղեցուն պատճառվել է շուրջ 80 հազար դոլարի վնաս։

«Ցանկացած վայրագություն վշտալի է բոլորի համար, բոլոր ազգությունների ու բոլոր կրոնների համար», - ասել է հոգեւորական Արտակ Դեմիրջյանը` ավելացնելով, որ եթե այդ վայրագությունը կատարած Պետրեսկուի հոգեկանը նորմալ չէ, իրենք կաղոթեն նրա համար։

Հինգշաբթի օրը քննիչները պետք է Պետրեսկուի դեմ վանդալիզմի մեղադրանքը ներկայացնեն դատախազությանը, որն էլ կորոշի, թե արդյոք նրա դեմ գործ հարուցի։

Սերժանտ Լորենզն ասել է, թե լավ կլինի, եթե այդ տղային հեռացնեն փողոցից ու նստեցնեն։

Եթե Պետրեսկուի դեմ գործ հարուցվի, ապա, ամենայն հավանականությամբ, դատարանի առաջ նա պատասխան կտա այս ուրբաթ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG