Մատչելիության հղումներ

Օգոստոսի 12-ի մամուլ


Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի երեւանյան այցին ընդառաջ Հայաստանի լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների ու մեկնաբանությունների առնչությամբ «Առավոտ»-ի խմբագիրը նշում է. - «Ի՞նչ է կատարվում «այցի շուրջ»: Դիտահորերը եռակցում են, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների համար «Հարսնաքարի» քոթեջներն են վերանորոգել [երեկ այնտեղ նույնիսկ Հայաստանի նախագահն էր այցելել` համոզվելու համար, որ ամեն ինչ պատրաստ է], այցի օրը շենքերի բարձր հարկերում դիպուկահարներ են կանգնելու: Բայց դա էլ չես ասի, որ ինչ-որ ցնցող մի ինֆորմացիա է: Այլ բան են մեկնաբանությունները, որոնց պակասը, ինչպես տեսնում ենք, չկա: Այստեղ, ինչպես միշտ, կա երկու ծայրահեղություն: Մեկը` Ռուսաստանը մեզ վաղուց դավաճանել-պրծել է, մեզ ծախել է արդբեջանական նավթի եւ գազի դիմաց: Մյուսը` որ ռազմաբազաների մասին պայմանագրում փոփոխությունները ստորագրվեն, էլ վերջ` Ղարաբաղի հարցը լուծված է: Ու եթե հանկարծ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվի, ռուսը կխառնվի ու մեզ կպաշտպանի»: Խմբագրականն ամփոփիչ գնահատական է տալիս. - «Ճշմարտությունը, իհարկե, մեջտեղում է. գերտերությունները սովորաբար ցանկանում են միաժամանակ իրենց ազդեցության տակ պահել հակամարտող կողմերին` դրանից բխող բոլոր հետեւանքներով: «Բաժանիր, որ տիրես»` տիպիկ կայսերական բանաձեւ է»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթը մեջբերում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի արձագանքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությանը: «Կարծում եմ, ու բոլորին էլ պետք է պարզ լինի, որ առաջին հերթին Ալիեւն իր հայտարարություններով իշխանությունը պահելու խնդիր է լուծում, քանի որ դա է նրա համար գերակա խնդիրը», - ասում է Վարդան Բոստանջյանը եւ շարունակում. - «Փաստը մնում է փաստ, որ ադրբեջանական բանակն արդեն մեկ անգամ պարտվել է եւ եթե նրանք ուզում են կրկին պատերազմել, ապա պետք է իմանան, որ այս անգամ եւս պարտություն են կրելու, որի կորուստներն ավելի շատ են լինելու»:

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը պնդում է, որ իշխանափոխությունը, հակառակ շրջանառվող գնահատականների, հարկավոր է ոչ թե Հայ ազգային կոնգրեսի ղեկավարությանն ու, մասնավորապես, ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, այլ ողջ երկրին: Թերթի խմբագրականում կարդում ենք. - «Հայաստանում որոշակի շրջանակներ փորձում են մարդկանց գիտակցության մեջ սերմանել, թե իշխանափոխությունը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին է հարկավոր, կամ` Հայ ազգային կոնգրեսի լիդերներին, ովքեր, իբր, պաշտոնի են ձգտում: Այսինքն` փորձ է արվում իշխանափոխության պահանջը ներկայացնել որպես ինչ-որ մարդկանց պաշտոնամոլությունից բխող, պաշտոնամոլությունից ծվնած նպատակ: Հայ ազգային կոնգրեսի առանցքային դեմքերի շարքում չկա որեւէ մեկը, որ ցանկության դեպքում չէր կարողանա պաշտոն ունենալ կամ պահպանել պաշտոնը: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքնակամ է հրաժարվել նախագահի կարգավիճակից, եւ եթե երկրի բարձրագույն պաշտոնը նրա համար նպատակ լիներ, հավատացեք, նա կկարողանար պահպանել այն: Իշխանափոխությունը ոչ թե Հայ ազգային կոնգրեսին է պետք կամ նրա լիդերներին, այլ Հայաստանի Հանրապետությանը, եւ մենք իշխանափոխության համար պայքարում ենք, որովհետեւ գիտակցում ենք, որ առանց դրա առաջընթացը բացառվում է: Մեր պատկերացրած իշխանափոխությունը անձերի փոփոխություն չէ, այլ իրադարձություն, որը խորհրդանշում է, որ տվյալ երկրի ժողովուրդը հրաժարվում է նախկին ընթացքից, նոր գործելակերպ եւ նոր վարք է որդեգրում»:

«Հրապարակ» թերթին տված հարցազրույցում Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը, ով, ի դեպ, վերջերս նշանակվել է Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր, գնահատելով Հայաստանի տնտեսության կիսամյակային արդյունքները, արձանագրում է. - «Եթե ամփոփենք այս կիսամյակի արդյունքները, մենք կտեսնենք, որ բավական դրական տենդենցներ կան, տնտեսության դրական աճ կա՝ 6,8 տոկոս ՀՆԱ աճ, այդ թվում արդյունաբերությունը՝ 12 տոկոս, ցավոք, գյուղատնտեսությունը 13 տոկոս անկում ունի, շինարարությունն ունի 4 տոկոս աճ: Երբ նայում ենք տնտեսության աճի կառուցվածքը, թե ինչի հաշվին է աճը տեղի ունեցել, տեսնում ենք, որ, օրինակ, արդյունաբերության մեջ եղել է հանքարդյունաբերության, մետալուրգիայի հաշվին, որովհետեւ միջազգային գները բարձրացել են: Սա ցույց է տալիս մեր տնտեսության կախվածությունն արտաքին միջազգային գներից: Դրական տենդենցները նաեւ նրանով են բացատրվում, որ մասնավոր տրանսֆերտներն աճել են ՌԴ-ից: Սա մատնում է մեր տնտեսության ցավոտ, թույլ կողմերը: Սա ցույց է տալիս մեր տնտեսության կոնցենտրացված լինելը: Պետք է տնտեսությունն ավելի դիվերսիֆիկացվի: Այո, մենք պետք է շատ ուշադրություն դարձնենք նույն գյուղմթերքների վերամշակմանը, որը տեղական հումքից է կախված»: Բարխուդարյանն ուշադրություն է հրավիրում նաեւ տնտեսական զարգացումները խոչընդոտող գործոնների վրա` այդ թվում առանձնացնելով կոռուպցիան եւ մոնոպոլիզացիան:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG