Մատչելիության հղումներ

«Խոզի գրիպի» համաճարակն ավարտվեց


Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մարգարետ Չենը օրերս հայտարարեց, որ «խոզի գրիպ» անվամբ հայտնի H1N1 վիրուսի համաճարակը կարելի է ավարտված համարել։

«Այս վիրուսի հետ կապված՝ մեր բախտը բերեց։ Այն մուտացիայի չենթարկվեց եւ ավելի վտանգավոր չդարձավ», - ասել է Չենը։

2009-ի հունիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «խոզի գրիպը» հայտարարել էր որպես վտանգավորության ամենաբարձր՝ 6-րդ աստիճանի համաճարակ։

Համաճարակին դիմագրավելու նպատակով Հայաստանը անցած տարի պետբյուջեի միջոցներով ձեռք էր բերել «Տամիֆլյու» տեսակի թանկարժեք դեղամիջոցի մոտ 2000 դեղաչափ։ Ավելի ուշ, մոտ 18000 դեղաչափ Հայաստանին տրամադրեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։

«Դեղամիջոցի միայն քիչ մասը օգտագործվեց եւ հիմա բավական պաշար կա», - «Ազատություն» ռադիոկայանին չորեքշաբթի օրը ասաց Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը։

Հարցին, թե ինչպե՞ս են օգտագործվելու «Տամիֆլյու»-ի ավելացած դեղաչափերը, Լիանա Թորոսյանը պատասխանեց. - «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հիմա նաեւ խորհուրդ է տալիս, որպեսզի այդ պրեպարատները օգտագործվեն նաեւ սեզոնային գրիպի դեմ, որովհետեւ դա համարվում է հակավիրուսային հրաշալի միջոց, որի օգտագործման արդյունքը բավականին արդյունավետ կլինի»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը, հայտարարելով համաճարակի ավարտի մասին, այդուհանդերձ զգուշացրել էր, որ հիվանդության առանձին դեպքեր եւ նոր բռնկումներ դեռեւս կարող են տեղի ունենալ։

Լիանա Թորոսյանը համոզված է, որ H1N1 վիրուսով վարակման նոր դեպքեր այս տարի կլինեն նաեւ Հայաստանում՝ այս տարվա աշնանը եւ հաջորդ տարվա գարնանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG